Ոստիկանության քննչական վարչությունը տեղեկացրել է, որ «Հարսնաքարի» դեպքով առաջադրված մեղադրանքները փոփոխվել ու լրացվել են եւ հանցավորներին առաջադրվել են հետեւյալ մեղադրանքները.
1. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը (ՔրՕրի 112 հոդված, 2-րդ մաս, 14)
2. Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (113 հոդված, 2-րդ մաս) եւ ծեծը (118 հոդված):
Իմ կարծիքով, արարքը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, որակելը վիճահարույց է, ինչին անդրադառնանք այդ հանցագործության կազմը դիտարկելով:
Առողջությանը ծանր վնաս պատճառելու այս ձեւը ունի հանցագործության բարդ կազմ, ըստ որի բաղկացած է սուբյեկտիվ հարաբերության երկու առարկայից (առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ մահը) եւ դրան համապատասխան՝ մեղքի երկու ձեւ:
Առաջին առարկայի պարագայում առկա է դիտավորությունը (ուղղակի կամ անուղղակի): Այսինքն՝ հանցավորը ծայրահեղ դեպքում նախատեսում է տուժողի առողջությանը հենց ծանր վնաս պատճառելու հնարավոր հետեւանքների առաջացումը եւ ցանկանում է կամ գիտակցաբար թույլ է տալիս այդ հետեւանքները:
Երկրորդ առարկայի պարագայում հանցավորի սուբյեկտիվ հարաբերությունը այլ է, անձը թույլ է տալիս անզգուշություն, այսինքն՝ նախատեսում է դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կամ մահ առաջացնելու հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի ինքնավստահաբար հույս է ունենում, որ դրանք կկանխվեն (ինքնավստահություն) կամ չի նախատեսում այդպիսի հնարավորությունը, թեեւ տվյալ իրադրությունում պարտավոր էր եւ կարող էր նախատեսել դրանք (անփութություն):
Քննարկվող հանցագործությունը նման է եւ հիշեցնում է սպանությունը (օրինակ՝ մարմնի կենսական նշանակություն ունեցող մասին դանակով հարվածելը, որն առաջացրել է մահ, մի դեպքում գնահատվում է սպանություն, մյուս դեպքում՝ դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հիշյալ հանցագործությունների սահմանազատումը նույնպես բարդ խնդիր է, եւ դատական պրակտիկայում հաճախ թույլ են տրվում սխալներ: Բանն այն է, որ դրանք ըստ օբյեկտի կամ օբյեկտիվ կողմի հնարավոր չէ տարբերել, եւ սահմանազատումը կատարվում է միայն սուբյեկտիվ հարաբերության գնահատմամբ, այսինքն՝ հանցավորի դիտավորության ուղղվածության հենքով (դա նշանակում է՝ հանցավորի դիտավորության բովանդակությունում տուժողին մահ պատճառելու մտադրությունը եղել է, թե ոչ):
Հաճախ այս խնդիրը լուծելիս հաշվի է առնվում միայն հանցավորի պատճառաբանությունը, ինչը սխալ է: Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի պլենումը 27. 01. 99թ.«Սպանությունների գործերով դատական պրակտիկայի մասին» որոշմամբ դատարաններին պարզաբանել է, որ հանցավորի դիտավորության ուղղվածությունը որոշելիս պետք է ելակետ ընդունել գործի բոլոր հանգամանքները եւ մասնավորապես հաշվի առնել հանցագործության եղանակը եւ միջոցը, մարմնական վնասվածքի քանակը, բնույթը, տեղակայումը (օրինակ՝ մարդու մարմնի կենսական նշանակություն ունեցող մասի վնասում), ինչպես նաեւ տուժողի եւ հանցավորի վարքագիծը հանցագործությանը նախորդող ու հաջորդող պահերին եւ նրանց փոխհարաբերությունները (Հայաստանի եւ ՌԴ քրեական օրենսդրությունում քննարկվող հանցագործության դիսպոզիցիան միեւնույնն է):
Հանցագործության հանգամանքների միագումարելիության գնահատելը ճիշտ պահանջ է: Հանցագործության առարկան (սարքեր, գործիքներ, որոնք օգտագործվում են հանցանքը կատարելիս) եւ եղանակը (հնարքները եւ մեթոդները, որն օգտագործում է հանցավորը) ազդում են հանցագործության որակման վրա: Օրինակ, երբ հանցավորը օգտագործում է այնպիսի առարկա, որով հնարավոր չէ մարդուն սպանել, կամ միտումնավոր հարվածում է մարմնի կենսական նշանակություն չունեցող մասին, կամ հրազենից նշանառում եւ կրակում է տուժողի ոտքին, այս պարագաներում սպանության դիտավորությունը բացակայում է: Իսկ, երբ ձեռնափայտով հարվածում է տուժողի գլխին, ապա այն կարող է վկայել սպանության դիտավորության մասին: Առողջությանը պատճառած վնասի բնույթը եւ տեղակայումը ինքնըստինքյան կարող են հանցավորի դիտավորության ուղղվածության մասին հետեւությունների հանգելու համար բավարար հիմք հանդիսանալ, ըստ որում, երբ հանցավորը գիտակցում է տուժողի կյանքի համար պատճառված վնասի վտանգավորությունը, ապա դա վկայում է այն մասին, որ նախատեսել է մահը: Առողջությանը պատճառված վնասի ենթախմբում առաջինը համարվում է կյանքի համար վտանգավոր վնասը, որը իր հերթին բաժանվում է երկու խմբի: Առաջին խումբն այն վնասվածքներն են, որոնք իրենց բնույթով սպառնալիք են համարվում տուժողի կյանքի համար եւ կարող են առաջացնել մահ (գանգի ծակող վնասվածքներ, գանգի հիմքի բաց եւ փակ կոտրվածքներ, գլխուղեղի ծանր վնաս եւ այլն): Առողջությանը նման վնասվածքներ պատճառելը վկայում է տուժողին մահ պատճառելու դիտավորության ինտելեկտուալ էլեմենտի մասին, այսինքն, հանցավորը նախատեսում է մահվան ելքի հնարավորությունը, եւ, թեկուզ եթե չի պարզվել, որ նա ցանկացել է տուժողի մահը, չպետք է անտեսել, որ մահացու հետեւանքների գիտակցաբար թույլ տալը իրենից ներկայացնում է անուղղակի դիտավորությամբ սպանություն:
Դեպքի հանգամանքները, ինչը հայտնի է հատուկ կարեւորագույն գործերով վարչության պետի հուլիսի 11-ի ասուլիսից, համադրելով դիտարկված հանցագործության կազմին, նկատվում է, որ սուբյեկտիվ հարաբերությունը, այսինքն՝ հանցավորի դիտավորությամբ ուղղվածությունը, պատշաճ չի գնահատվել.
1. Բանն այն է, որ Վահեին պատճառվել է կյանքի համար վտանգավոր՝ գլխուղեղի ծանր վնաս (հարվածել են մարմնի կենսական նշանակություն ունեցող մասին): Գիտակցաբար նման բնույթի վնաս պատճառելը վկայում է մահ պատճառելու դիտավորությամբ գիտակցական էլեմենտի մասին, այսինքն՝ հանցավորը նախատեսում է մահվան ելքի հնարավորությունը:
2. Հանցագործությանը հաջորդող ընթացքում դաժան ծեծվածներին եւ մահամերձ վիճակի հասցված Վահեին հանցավորները որեւէ օգնություն ցույց չեն տվել: Դա նշանակում է՝ արհամարհել են հետեւանքների առաջացումը (ինչ ուզում է թող լինի) եւ գիտակցաբար թույլ են տվել հետեւանքների վրա հասնելը: Հիշյալ էլեմենտները անուղղակի դիտավորության բնորոշիչներն են, հետեւաբար արարքում առկա է անուղղակի դիտավորությամբ սպանության հանցակազմը, այլ ոչ թե դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը (իմիջիայլոց, 13 օր հետո մահը վրա հասնելը չի ազդում արարքի որակման վրա, քանզի հիմնազուրկ է ճանաչվել այն պրակտիկան, երբ պատճառած վնասի եւ մահվան միջեւ զգալի ժամանակամիջոցի առկայության դեպքում արարքը որակվում էր 112 հոդվածի 14 կետով եւ բացառվում դիտավորյալ սպանություն որակելը (см. Комментарий к Уголовному Кодексу, РФ, г.Москва, 2005 г., стр. 325):
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ