Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռաֆայել Հակոբյանց. «Ճիաուրելիի դին հողին չհանձնած, նրա անունով փողոց անվանակոչվեց»

Օգոստոս 16,2012 14:08

Ռաֆայել Հակոբյանցի հարուստ կենսագրության մեջ, ինչպես ինքն է նշում, առավել կարեւորը իր սաների՝ հատկապես այսօր Մոսկվայում եւ արեւմտյան թատրոններում աշխատող երգիչների հաջողություններն են եւ այն հպարտությունը, որ ապրում է նշանավոր մանկավարժը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի պրոֆեսորը: Հիանալի դպրոց անցնելով Գոհար Գասպարյանի մոտ եւ երկար տարիներ հանդիսանալով նրա բարեկամը՝ աշխարհահռչակ երգչուհուց վերցրել է այն ամենն, ինչ անհրաժեշտ է թատրոնում երեւալու ու վոկալիստների պատրաստման համար: 1970-91թթ. Ազգային օպերային թատրոնում Հակոբյանցի դերերգերից շատերը, այդ թվում՝ Ամոնասրոն (Վերդիի «Աիդա»), Տոնիոն (Լեոնկավալոյի «Պայացներ»), Սպանդարատը (Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), այսօր էլ տարբեր առիթներով հիշվում են մասնագետների եւ հանդիսատեսի կողմից: Ասում են՝ ճանաչված երգիչն ու մանկավարժը, խորհրդային տարիներին մտերիմ լինելով ԽՍՀՄ-ում օպերային արվեստի ոլորտում «եղանակ ստեղծող» այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Իրինա Արխիպովան, Զարուհի Դոլուխանյանը, Ելենա Օբրազցովան, Պավել Լիսիցյանը, Թամարա Սենյավսկայան եւ մյուսները, կարողացել է հայ երգիչներին «մղել» ռուսաստանյան բեմեր ու տարբեր հեղինակավոր մրցույթներ:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում օգոստոսի 29-ին կնշվի Ռաֆայել Հակոբյանցի ծննդյան հոբելյանը, եւ նրա դասարանում սովորող այլ վոկալիստների թվում հանդես կգան նաեւ երբեմնի ուսանողները՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, Մոսկվայի Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան թատրոնի մեներգիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր Արսեն Սողոմոնյանը, Լոնդոնի թագավորական ակադեմիայի օպերային ստուդիայի մեներգչուհի Թերեզա Գրիգորյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Ալինա Փահլեւանյանը:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե մինչեւ ե՞րբ պետք է Երեւանի կոնսերվատորիան ավարտած հիանալի ձայները զարդարեն օտար թատրոնների բեմերը: Պրոֆեսորը նախ ասաց, թե դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, հետո էլ ասաց.«Մոտ հինգ տարի առաջ Երեւանի օպերային թատրոնի խաղացանկը աղքատ էր: Ի՞նչ պետք է աներ հիանալի լիրիկ բարիտոն Արսեն Սողոմոնյանն այստեղ, թեպետ նա 20 տարեկանում մեր թատրոնում բեմ բարձրացավ Ժերմոնի դերերգով՝ Վերդիի «Տրավիատայում», պատմության մեջ մտնելով որպես ամենաերիտասարդ Ժերմոն: Իսկ, օրինակ, Թերեզա Գրիգորյանը ուսման առաջարկ ստացավ Լոնդոնի թագավորական ակադեմիայից… Արտերկրում, մանավանդ հեղինակավոր թատրոններում, թեկուզ մեկ երգչի բեմելը հպարտություն է եւ մեր կոնսերվատորիայի, եւ մեր երկրի համար»: Շարունակելով խոսքը, պրոֆեսորը հայտնեց հետեւյալը. «Կողմնակից եմ այն բանին, որ թատրոն ընդունվեն անհատականություններ, այնպիսիք, ինչպիսիք ժամանակին Գոհար Գասպարյանն ու Տաթեւիկ Սազանդարյանն էին, Նար Հովհաննիսյանը, Միհրան Երկաթն ու Արշավիր Կարապետյանը, մյուսները: Մեր թատրոնում ունենք շուրջ 7 տասնյակ մեներգիչներ: Պետք է նրանց ճիշտ ներկայացնել, իսկ դրա համար անհրաժեշտ է ըստ ունեցած ձայների՝ համապատասխան խաղացանկ: Օրինակ՝ ցանկալի է, որ խաղացանկում լինեն մոցարտյան ուսանելի օպերաներ («Կախարդական սրինգ», «Դոն Ժուան») հենց երիտասարդ երգիչների  համար: Ցավալի է, որ աշխարհի լավագույն թատրոնների օրինակով մեզ մոտ չկան ռուսական օպերաներ՝ բացի Ռախմանինովի «Ալեկո»ից: Պարտադիր են Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», «Պիկովայա դաման», ժամանակին բեմադրվեց, բայց կարճ կյանք ունեցավ «Իոլանտան»… Շատ կուզեի այսօր հպարտորեն խոսել մեր թատրոնի մասին, այնպես, ինչպես առիթի դեպքում գլուխ ենք գովում, թե ժամանակին այնպիսի օպերաներ, ինչպիսիք են Բելինիի «Նորման», Ստրավինսկու «Էդիպ արքան», Բերնսթայնի «Վեստսայդյան պատմությունը» եւ էլի մի քանիսը, ԽՍՀՄ-ում առաջինը բեմադրվել են Երեւանում: Ամեն ինչ էլ ունենք, պետք է ճիշտ օգտագործենք: Ինչո՞ւ, օրինակ, իրար հետ չհամագործակցեն Սարյանի անվան օպերային ստուդիան եւ Ազգային օպերային թատրոնը: Ի դեպ, ստուդիայում իրենց առաջին քայլերն են արել ճանաչված երգիչներ, այդ թվում՝ Արաքս Դավթյանը, Կոնստանտին Սիմոնյանը եւ ուրիշներ: Ինչո՞ւ քաղաքակիրթ երկրների թատրոնների օրինակով մենք չհետաքրքրվենք՝ իսկ ո՞ւր է այսօր անվանի բաս Բարսեղ Թումանյանը…»:

Ռաֆայել Հակոբյանցը փաստեց, որ օտարները իրենց մեծերին պարզապես աստվածացնում են. «Դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի դին դեռ հողին չհանձնած, նրա անունով փողոց անվանակոչվեց: Իսկ մեզ մոտ ընդամենը Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի հիշատակը հավերժացնող մրցույթ է անցկացվում: Կամ՝ Մոսկովյան փողոցում Սազանդարյանի տան պատին փակցված հուշաքարը նույնիսկ չի երեւում՝ գործող սրճարանի աքսեսուարների պատճառով…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031