Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան. «Գյումրիում ընտրությունները կանցնեն անցնցում, առանց միջադեպերի»

Օգոստոս 16,2012 13:47

Շիրակի մարզի 86 համայնքներ սեպտեմբերի 9-ին պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների: Եթե ոչ Գյումրիում, ապա մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, ու մի շարք գյուղական համայնքերում հետաքրքիր, ինչ-որ ինտրիգային մրցապայքար է սպասվում: Ընտրակռվի մեջ են մտել ներկա ու նախկին պետական պաշտոնյաներ, երբեմնի ոստիկաններ, գողական աշխարհի ներկայացուցիչներ: Բանը հասել է նրան, որ մարզի սակավաթիվ բնակչություն ունեցող գյուղերից մեկում՝ Ջրաձորում, ընտանեկան պայքար է ծավալվում. գյուղապետ Գեւորիկ Հովակյանի դեմ դուրս է եկել նրա տիկինը՝ Կարիեն Վարդանյանը: Ի՞նչ ընտրություններ են սպասվում մարզում, մասնավորապես Գյումրիում, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որեւէ դերակատարություն կունենա՞ ընտրություններում, ինչի՞ց է անհանգստացած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ինչո՞ւ են ՏԻՄ ընտրությունների պատվին ոստիկանական խմբեր  ստեղծվում: Այս եւ այլ հարցերի շուրջ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը պարզաբանումներ է տվել «Առավոտ» օրաթերթին ու «Ազատություն» ռադիոկայանին:

«Առավոտը»  Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կբացատրի վերջին 5-6 ամսվա ընթացքում կրիմինալ ուժերի ակտիվացումը Գյումրիում. մի՞թե դա  ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ծավալվող ընտրապատերազմ է. մի դեպքում ԲՀԿ-ական Շեկոն  ու ՀՀԿ-ական Տանկն են իրար խփում, մյուս դեպքում` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուին են դաժանորեն սպանում, ու քաղաքապետը համոզված պնդում է, որ դա ԲՀԿ-ականների ձեռքի գործն է: «Ես չեմ ուզենա, որ ցանկացած միջադեպ, հատկապես, երբ հանցագործություն է կատարվում,  բերեն-կապեն ընտրությունների հետ, դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Դրանք  ներքին «ռազբորկաներ» են, որոնք մարդիկ հաճախակի բերում-կապում են ընտրությունների հետ: Եթե ձեզ ասում են` դրանք ընտրությունների հետ  են կապված`  սրա մարդիկ, նրանը, մի հավատացեք, դա այդպես չէ, նրանք դա այդպես են ներկայացնում, որպեսզի թեթևացնեն »,- պատասխանեց  նախկին ոստիկանապետը:

Մեր մյուս հարցին, թե, մարզպետի կարծիքով, ո՞ր համայնքում ընտրապայքարը կլինի ամենաինտրիգայինը, պարոն Գիզիրյանն ասաց. «Չեմ կարծում, որ կարելի է առանձնացնել կոնկրետ համայնք, որտեղ ընտրությունները ինտրիգային կլինեն, կլինեն 6-10 համայնքներ, որտեղ թեժ պայքար կգնա»: Հարցին էլ՝ իսկ Արթիկում ինչպե՞ս կանցնեն ընտրությունները, քանի որ այստեղ 4 թեկնածուներ կան, որոնցից 3-ը ՀՀԿ-ական են, ընդ որում՝ միմյանց դեմ են դուրս եկել նախկին ու ներկա քաղաքապետները՝ Հմայակ Աբրահամյանն ու Խաչատուր Վարագյանը, մարզպետն ասաց.«Այս պահի դրությամբ թվում է, թե Արթիկում կլինի թեժ, ինտրիգային պայքար, բայց հենց որ մոտեցավ ընտրությունների օրը, այնտեղ ամեն ինչ կհանդարտվի, խոսքս հիշեք»: Արթիկցիները ամեն անգամ մեզ հետ զրույցում կարծիք են հայտնում, թե Աշոտ Գիզիրյանը նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի կողմնակիցն է, ավելին՝ նրա մոտ ընկերը: Հետաքրքրվեցինք՝ դա այդպե՞ս է, ինչին մարզպետն այսպես պատասխանեց.«Նախկին քաղաքապետի հետ ես մտերիմ չէի ասի, բայց ընկերական հարաբերություն ունեմ, դա իրոք այդպես է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ես Արթիկում ինչ-որ մեկին պետք է առանձնացնեմ, պաշտպանեմ, այնտեղ 5-6 թեկնածուներ են առաջադրված, որոնցից 3-4-ը ՀՀԿ անդամ են, տեսնենք՝ քանի հոգի կմնան, ովքեր են, նոր կտեսնենք՝ պաշտպանե՞լ որեւէ մեկին, թե՞ չպաշտպանել: Կարծում եմ, որ այնտեղ խնդիրներ չեն լինի, շատ նորմալ ընտրություններ կկայանան»: «Առավոտը» պարոն Գիզիրյանից կարծիք հարցրեց, թե Վարդան Ղուկասյանը որեւէ դերակատրություն կունենա՞ Գյումրու ՏԻՄ ընտրություններում, ասենք, իր նյութական ու մարդկային լծակները կօտագործի՞ ԲՀԿ-ական Սամել Բալասանյանի դեմ: «Ես կարծում եմ՝ ոչ, նա նման բան չի անի»,- ասաց մարպետը: Մեր ճշտող հարցին՝ դո՞ւք թույլ չեք տա, թե՞ չի անի, պարոն Գիզիրյանն ասաց.«Պրովոկացիոն հարց եք տալիս, հարցն այն չէ՝ ես թույլ կտամ, թե՝ ոչ, ես կարծում եմ, որ նա, 13 տարի աշխատելով քաղաքապետ, կհասկանա, որ դրա կարիքը չկա, նոր մարդիկ են պետք, թարմ ուժեր են պետք, Վարդան Ղուկասյանը չառաջադրվելով՝ դա հասկացավ, որ երեւի թե ժամանակն է, որ հեռանա քաղաքապետի պաշտոնից»:

«Ազատություն»  ռադիոկայանն էլ հետաքրքրվեց՝ Աշոտ Գիզիրյանը որեւէ դերակատրություն ունի՞ Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու գործում, ի սկզբանե, երբ նրան մարզպետ նշանակեցին, այդ ժամանակվանից սկսեցին խոսել, որ պարոն Գիզիրյանը գալիս է՝ Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնից հանելու, ինչին մարզպետն այսպես պատասխանեց. «Դերակատարություն ունեմ, թե չունեմ, այդ հարցին չեմ պատասխանի միանշանակ, բայց եթե ավելի օբյեկտիվ լինեմ, կասեմ՝ չունեմ: Քաղաքապետի պաշտոնից էլ Գիզիրյանը չէր կարող հանել, որովհետեւ քաղաքապետի պաշտոնը ընտրովի է, նրան ընտրել է Գյումրու ազգաբնակչությունը, ես նման իրավասություն չունեի նրան հանելու կամ նշանակելու, եւ հարցը պետք է տայիք այն ժամանակ, դրա համա՞ր եմ եկել, թե՞ ոչ, չեմ կարծում, որ այդ խոսակցությունները տեղին են»: Իսկ հարցին, թե ԱԺ ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ի պարտվե՞լը հիմք հանդիսացավ, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ավելի կտրուկ վերաբերմունք դրսեւորեին, մարզպետը պատասխանեց. «Միանշանակ կարծում եմ՝ ոչ: Ոչ մի բան հավերժ չէ՝ ոչ մարզպետի պաշտոնը, ոչ քաղաքապետի, ոչ էլ որեւիցե նախարարի: Վարդան Ղուկասյանի չառաջադրվելը կապել ընտրությունների հետ, ճիշտ չէ»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Շիրակի գեներալ մարզպետն իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե նա Գյումրիում ընտրական փնթի սցենար է կազմել, մասնավորապես, ձեւականորեն խաղի մեջ է մտցրել իր աշխատակցին՝ մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանին, պարոն Գիզիրյանն ասաց. «Այն անձնավորությունը, ով որ փնթի բառն է օգտագործել ու այդ մասին գրել է թերթում, նա ուղղակի իրազեկված չէ Գյումրիի մասին: Հովսեփ Սիմոնյանը ՀՅԴ անդամ է, ինչքան գիտեմ իրենց Գերագույն մարմինն է որոշում կայացրել նրա թեկնածությունը առաջադրելու: Ես չեմ խառնվում նրանց գործերին, մենք զրուցել ենք, ես նրան ասել եմ՝ դու շանս չունես անցնելու, եւ դա բոլորը գիտեն: Ես նրան ոչ ասել եմ՝ մի դիր, ոչ էլ կասեմ՝ առաջադրվի»: Ի դեպ, Ա. Գիզիրյանը չճանաչեց Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Սպարտակ Պավլովիչին, ով եղել է Լենինականի Շիրակի շրջկոմի քարտուղարը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա աշխատանքը ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հետ: «Շատ նորմալ, ոնց որ 118 համայնքապետների եմ աշխատում, այնպես էլ 119-րդի հետ կաշխատեմ, եթե իհարկե Գյումրու բնակչությունը իր քվեն տա Սամվել Բալասանյանին»,- ասաց Աշոտ Գիզիրյանը: Հարցին էլ՝ իսկ պարոն Գիզիրյանը մտավախություն չունի՞, որ, Գյումրու տեղական իշխանությունը վերցնելով իր ձեռքը, Սամվել Բալասանյանը «կբարգավաճեցնի» քաղաքը, մարզպետն ասաց. «Չեմ կարծում, որ «կբարգավաճեցնի», մարզային իշխանություններ կան, եւ կա ՀՀԿ, որը հզոր է»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Ջրաձորում միմյանց հետ ընտրապայքարի են դուրս եկել ամուսինները, գյուղապետն իր դեմ է հանել կնոջը, այս հարցին էլ մարզպետն այսպես արձագանքեց.«Փոքր գյուղ է, այդպես չէ՞, երեւի թե ուզում են ճանաչվել հանրապետությունով մեկ: Ես չեմ կարծում, որ գյուղապետը այս միջոցով Ընտրական օրենսգրքի պահանջն է կատարում, նրանք ճանաչում են փնտրում, այլապես, երկրորդ թեկնածուի հետ կապված, իրենք կարող էին ուրիշին գտնել»: Իսկ ի՞նչ տեսակ ընտրություններ սպասենք կոնկրետ Գյումրիում՝ ցնցումներ, միջադեպեր կլինե՞ն, հարցին էլ պարոն Գիզիրյանը պատասխանեց.«Մի քիչ առաջ դուք ինձ ասացիք, որ ոստիկանությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որպեսզի ընտրությունների ժամանակ պաշտպանեն հասարակական կարգը, այդ աշխատանքային խմբի աշխատակիցները, մարզային կառույցները, կարծում եմ, իրենց տեղում են, եւ խնդիրներ չեն լինի: Ես նույնպես, որպես մարզպետ, իմ լծակները կօտագործեմ, որպեսզի Գյումրիում ընտրությունները հանգիստ մթնոլորտում ընթանան, բոլորիս համար դա շատ կարեւոր է»:

Մարզպետի կանխատեսմամբ՝ նախկին գյուղապետներից շատերը կվերընտրվեն, իսկ այն, որ կան գյուղապետեր, որ արդեն 5-6-րդ անգամ են առաջադրում  թեկնածությունը, մարզպետը նորմալ է համարում՝ ասելով.«Եթե օրենքն է նորմալ վերաբերվում, ինչո՞ւ ես չպիտի նորմալ վերաբերվեմ: Եթե օրենքով սահմանափակում չկա, եթե գյուղապետը նորմալ է աշխատում, համայնքը, ժողովուրդը նրան հարգում, ընդունում է, ինչո՞ւ չպիտի առաջադրվի ու ընտրվի»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031