Լրահոս
Օրվա լրահոսը

Վառենք մեկ մոմ

Օգոստոս 16,2012 13:30

Այս տարվա մայիսի 3-ին` խորհրդարանական ընտրություններից առաջ, ես հայտնաբերել էի, որ իմ սեփականությունը հանդիսացող տանը գրանցված է Մարի Վրեժի Գեւորգյանը, որին համապատասխան ծանուցումով հրավիրում էին ընտրական տեղամաս: Հետո պարզվեց, որ այդ  աղջիկը իմ նախորդի նախորդ  սեփականատիրոջ կողմից էր գրանցված, եւ ես կարող եմ նրան այդ գրանցումից հանել` այդպիսով հնարավորություն չտալով իշխանություններին` օգտագործել այդ քաղաքացու տվյալները եւ հօգուտ իրենց ձայն գրելու: Գրանցումից հանելը տեւեց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր` այդ բովանդակությամբ իմ կողմից դիմում գրելու համար: Ինձ վստահեցրեցին, որ Մարին չի լինելու ընտրացուցակներում ոչ միայն առաջիկա նախագահական, այլեւ մոտակա ՏԻՄ ընտրություններում:

Խոստովանեմ` եթե հիմա կիսաարձակուրդային շրջան չլիներ, ես գուցեեւ կզլանայի հասնել ոստիկանության անձնագրային բաժին եւ անել այդ պարզ գործողությունը: Բայց այդ դեպքում ես իրավունք չէի ունենա բողոքելու այս` հնարավոր ընտրակեղծիքից: Իսկ արդյո՞ք մենք հաճախ հենց այդպիսի կեցվածք չենք ընդունում. չկատարելով մեր վրա դրված փոքր գործերը, մենք հաճախ ուրիշներից` նախեւառաջ, իհարկե, իշխանություններից պահանջում ենք մեծ գործեր, որպեսզի խնդիրները լուծվեն միանգամից` «փաթեթով»: Պատկերավոր ասած, մեր վառած մոմի փոխարեն, ցանկանում ենք, որ ինչ-որ հրաշքով 100 հատ արեւներ փայլատակեն: Բայց իշխանավորներին (ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամբողջ աշխրարհում) նման «փաթեթային» լուծումներ պետք չեն` նրանք առանց այդ էլ լավ են ապրում: Պարզապես որոշ տեղերում նրանք ստիպված են, պարտադրված են գնալ այդ լուծումների` մեր, քաղաքացիներիս, «փուլային» քայլերի ազդեցության տակ: Հակառակ դեպքում ոչ միայն լավ չեն ապրի, այլեւ ընդհանրապես գոյություն չեն ունենա:

Սեպտեմբերին նորից թեժանալու են խոսակցություններն ընտրությունների մասին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, վստահաբար, կանդրադառնան նաեւ ընտրացուցակներին: Ընդդիմադիրներն, օրինակ, պնդում են, որ սխալ ցուցակների շնորհիվ իշխանությունը, ընտրությունները դեռ չսկսած, «մեռյալ հոգիների» պատկառելի պաշար ունի: Այդ առումով նշվում են տարբեր թվեր` սկսած 100-ից վերջացրած կես միլիոնով:  Ապացուցել այս կամ այն թիվը դժվար է, բայց` որ իշխանությունն օգտվում է այդ անճշտություններից, իմ կարծիքով, անվիճելի է: Բայց ցուցակների մասին խոսակցությունները մի տեսակ «օդի մեջ են», ընդհանուր բողոքներ են իրավիճակից` համեմված էմոցիոնալ հռետորաբանությամբ: Դրա փոխարեն եկեք համատեղ օգտակար գործ անեք, սկսենք «Մաքրենք ընտրական ցուցակները» շարժումը (անունը, բնականաբար, պայմանական է) եւ առանց ընդդիմադիր «մանտրաների» ձանձրացուցիչ կրկնության, մեր միջոցով ազատենք ցուցակները «մեռյալ հոգիներից» եւ պարզենք, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում: Որ նրանք ավելի քիչ են պաշտոնական թվից, ակնհայտ է, բայց որքա՞ն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031