Ընդդեմ մշակույթի նախարարության՝ Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանի հայցով առաջին դատական նիստը նախատեսված է սեպտեմբերի 4-ին:Հ մշակույթի նախարարության Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելը եւ փոխտնօրեն Կարինե Իսահակյանի մահը լայն արձագանք են գտել մամուլում: ԶԼՄ-ներով տարածվել է նաեւ Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանը տեսակետը:
Aravot.am-ին արդեն նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ իր համար նախ պատվի խնդիր է անօրինության դեմ պայքարելը, ուստի դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Եվ ընդդեմ մշակույթի նախարարության Մհեր Գրիգորյանի հայցով առաջին դատական նիստը նախատեսված է սեպտեմբերի 4-ին:
Մեր զրուցակիցը հայտարարում է, թե անօրինական էր ոչ միայն իրեն, այլեւ Կարինե Իսահակյանին աշխատանքից ազատելը, վերջինիս պարագայում՝ հաստիքը իբր փակելու պատրվակով:
Գրիգորյանը Aravot.am-ին պատմեց, որ իր աշխատած 8 տարիների ընթացքում Ցուցահանդեսային կենտրոնից որեւէ աշխատանք չի պակասել, մինչդեռ դրանից առաջ մոտ 1500 աշխատանք է տրվել տարբեր կառույցների ու չի վերադարձվել: Ինքը կարողացել է իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում որոշ մասը հետ բերել. «Օրինակ, «6-րդ» վարչության հետ 83 աշխատանք ենք հետ բերել: Որտեղ տեսնում էի՝ չի ստացվում, դիմում էի իրավապահներին»:
Նրա ձեւակերպմամբ՝ մշակույթի նախարարության փնթի աշխատաոճի արտահայտություն էր, օրինակ, Գերմանիայի Հալլե քաղաքում Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով 1 մլն դոլար գնահատված Ուրբաթագիրքը տեղափոխելու պատմությունը: Գրիգորյանի ասելով՝ ամեն ինչ միտումնավոր այնքան են ձգձգել՝ սկսած ապահովագրությունից, որ ինքը ստիպված Հալլե է մեկնել՝ Ուրբաթագիրքը կոստյումի գրպանում. «Փակ շրջանի նման մի բան էր. պայմանագիրը չկա՝ ապահովագրությունը չկա, կամ հրամանը չկա, իսկ ապահովագրությունը լինում է, երբ գումարը մուծված է ու պայմանագիրն է լինում: Հո օդի մեջ ապահովագրողը չի՞ ստորագրելու, իրեն պետք են երաշխիքներ՝ ցուցահանդեսը ե՞րբ եւ որտեղ է լինելու, ի՞նչ հսկողությամբ, պահակային ծառայություն կլինի՞, թե՞ ոչ, տեղափոխումն ինչպե՞ս է կատարվելու… Իսկ գիտե՞ք ճարահատյալ ոնց եմ վարվել. էդ մեկ միլիոնանոց գիրքն ընդամենը իմ կոստյումի գրպանում էր, ու ոչ մի հսկողություն, ոչ մի զրահապատ մեքենա կամ զրահապատ պայուսակ: Ասինքն, իրենք ամեն ինչ անում են ինձ նման մարդկանց, որոնք իրենց կամակատար չեն, նման վիճակում դնելու ու շահագործելու համար»:
Ավելի վաղ, «Մշակույթի նախարարը մուռ է հանում» հրապարակմամբ, տեղեկացրել էինք, որ մայիսի 2-ին պայմանագրի ժամկետը լրացած նախկին տնօրենին, այսինքն՝ շարքային քաղաքացուն, մայիսի 9-ին նախարարությունը վստահել էր նաեւ Հայաստանում միակ թանկարժեք Ուրբաթագիրքը ետ բերելու պատիվը:
Մեկ այլ օրինակ եւս. Ցուցահանդեսային կենտրոնի նախկին տնօրենի պատմելով՝ գլխավոր ֆոնդապահին մահից հետո փոխարինել է քույրը, ընդ որում, Գրիգորյանի ասելով, ոչ թե ընդունում-հանձնում է կատարվել, այլ ուղղակի բանալիները տվել են քրոջն ու ասել՝ աշխատիր. «Հիմա 44 աշխատանք էլ ՊՆ-ին է տրվել, չնայած ՊՆ-ն չի ստորագրում ակտը եւ պնդում է, թե չեն ստացել ոչինչ, ընդ որում նկարները տրվել են ոչ թե ներկայիս ֆոնդապահի, այլ նրա քրոջ կողմից»:
Մհեր Գրիգորյանը, պատասխանելով Խաչատուր Աբրահամյանի՝ մամուլում տպագրված այն պարզաբանմանը, թե 2012թ.«Թանգարան անիվների վրա» ծրագիրը հանձնարարվել է իրականացնել այլ կազմակերպության եւ վերջին 8 ամիսների ընթացքում Ցուցահանդեսային կենտրոնը որեւէ ցուցահանդես չի կազմակերպել, ասում է, որ այդ ծրագիրն իրենն է, ինքն է ներկայացրել կառավարությանը եւ իրականացրել 2005-ից: Այն կրկին պատրաստվում էր վերադարձնել ստուգումներն ավարտելուց հետո: Ի դեպ, 2005-ից սկսած ՊՈԱԿ-ը շուրջ 60 ցուցահանդես է անցկացրել հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում: Մհեր Գրիգորյանը հավաստիացնում է, որ 60-70 տարիների ընթացքում բազմաթիվ «կորած» գործեր կային, եւ ինքը ձեռնամուխ էր եղել դրանք վերադարձնելուց հետո անցնել «Թանգարան անիվների վրա» ծրագրի վերսկսմանը:
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի այն մեկնաբանության առնչությամբ էլ, թե թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալը պետք է ունենա բարձրագույն կրթություն՝ թանգարանի բնույթին համապատասխան, մինչդեռ Կարինե Իսահակյանը ավարտել է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտը եւ ռադիոտեխնիկի որակավորում ունի, Մհեր Գրիգորյանը հայտարարում է. «Բոլոր հիմնարկներում ու մշակույթի նախարարությունում շատ մարդիկ կան, որոնք իրենց որակավորմամբ չեն համապատասխանում հաստիքին եւ աշխատատեղին, բայց աշխատում են: Ցուցահանդեսային կենտրոնում կան մի քանի աշխատողներ, որոնք նշանակվել էին տարբեր տարիներ նախկին նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրանքով», սակայն ընդհանրապես կամ բարձրագույն կրթություն չունեին կամ կրթությունը չէր համապատասխանում: Օրինակ, անցյալ տարի նոյեմբերին մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը ինձ կանչեց-ասաց, որ նախարարն ասում է՝ այսինչ մարդուն ընդունես աշխատանքի, մինչդեռ այդ մարդը էլեկտրամեխանիկ էր եւ թանգարանում երբեք չէր աշխատել: Ինքն ուզում էր, որ այդ մարդը փոխտնօրեն աշխատի, այսինքն ես բեռ էի վերցնելու՝ երբեւէ թանգարան չմտած մարդու՝ փոխտնօրեն դառնալով: Բնականաբար, ասացի՝ ոչ ու իրեն դրեցի ֆոնդապահ, որ մի քանի ամիս յոլա տանի»:
Մեր զրուցակիցը համաձայն չէ նաեւ մշակույթի նախարարության՝«Առավոտին» տված այն պարզաբանմանը, թե նախարարությունը այս պատմության հետ կապ չունի եւ ՊՈԱԿ-ի տնօրենն է ընդունում կամ ազատում աշխատակիցներին. «Վերջին 8 տարիների ընթացքում բազմիցս եկել եմ այն համոզման, որ երբ իրենց պետք է՝ պնդելով ու պարտադրելով ուզած մարդուն տեղավորում են աշխատանքի, կամ պիտի անես իրենց ասածը, կամ մտնես «դըրբի» տակ: Ես ենթադրում եմ, որ իրենց ասածը չարեցի, դրա համար էլ ընկա «դըրբի» տակ»:
Կարինե Իսահակյանի մասին էլ նախկին տնօրենը դրվատանքով է խոսում, ասում է ամենապատրաստված, գործունյա ու աշխատանքին քաջածանոթ մարդն էր կենտրոնում, իրենց՝ https://www.exhibitionarmenia.com կայքի ադմինիստրատորը, ինչ վերաբերում է մեծամասնությանը, շատերն անգամ համակարգչային տարրական գիտելիքներ չունեին. «Միայն համակարգիչը միացնելու կոճակի տեղը գիտեին, էն էլ որ միացնեն ու կարտ խաղան»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ