Իրանում տեղի ունեցած երկրաշարժը, որը զգացվեց նույնիսկ Երեւանում, այսօր մտահոգությունների լուրջ առիթ է տվել։ Տագնապած են Սյունիքի մարզի բնակիչները, հատկապես՝ քաղաքաբնակ հատվածը։ Արդեն մի քանի օր է՝ նրանք վախենում են վերադառնալ իրենց բնակարանները։ Արդյունքում՝ մարդիկ ստիպված գիշերում են դրսում՝ մեքենաների մեջ, կամ էլ հարակից գյուղերի բարեկամների տանը։ Իշխանություններն էլ, փոխանակ օգնեն ու հանգստացնեն մարդկանց, փորձում են ծածկադմփոց անել՝ հայտարարելով, թե մարզի բնակավայրերը չեն վնասվել, ամեն ինչ կարգին է։ Մինչդեռ ականատեսները հակառակն են պնդում, տները ճաքճքել են, հայտնվել են փլուզման եզրին։
Ամենեւին էլ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ կատարվածից խիստ անհանգստացել են նաեւ մայրաքաղաքի բնակիչները։ Տագնապած են, որովհետեւ բոլորն են գիտակցում՝ ապրում ենք սեյսմիկ առումով անկայուն գոտում, որտեղ սեյսմակայունության տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում նաեւ բնակելի շենքերը։ Խոսքը միայն ԽՍՀՄ օրոք կառուցված շենքերի մասին չէ։ Պակաս վտանգավոր չեն նաեւ մայրաքաղաքում օր օրի աճող «մասանդրաներով բոնբոներկա» հիշեցնող էլիտար շինությունները։
Բայց մի բան է, երբ այս մասին խոսում են քաղաքացիները, մեկ այլ բան, երբ ահազանգում են մասնագետները։ Օրինակ՝ սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը երեկ հանդիպել է լրագրողների հետ ու բավական մռայլ կանխատեսումներ արել։ «Ի՞նչ անեն սեյսմոլոգները, երբ Հայաստանի, երեւանյան շենքերի մոտ 70-80%-ը խորհրդային կառույցներ են եւ գտնվում են շատ վատ վիճակում»,- ասել նա՝ հավելելով, որ եթե հաջորդ երկրաշարժը լինի Հայաստանում՝ մայրաքաղաքի մոտ, ապա Երեւանի բնակֆոնդի մոտ 80%-ը լիովին կփլուզվի: «Կկանգնենք այնպիսի մի ազգային աղետի առաջ, որը հաստատ չենք մարսելու։ Ես չասեմ, դո՛ւք ասեք, հանրապետության ո՞ր մասն է տեղավորված Երեւանում՝ առնվազն մեկ երրորդը, եթե հավատանք պաշտոնական տվյալներին։ Այսինքն՝ մեկ միլիոն մարդ ու դեռ մի քիչ էլ ավելի»։ Ինչ վերաբերում է էլիտար շենքերին, ապա Վլադիմիր Բալասանյանն անձամբ չցանկացավ անդրադառնալ այդ խնդրին՝ առաջարկելով հարցի պատասխանը ստանալ քաղաքապետարանրց։ Նա ընդամենը նշեց, որ էլիտար շինությունները մայրաքաղաքում շատ խիտ են, խախտում են ոչ միայն քաղաքաշինական, այլեւ անվտանգության նորմերը։
Բայց հազիվ թե Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքը բռնած, շրջի մայրաքաղաքով, մատնացույց անի էլիտար շինություններն ու ասի. «Տարոն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սիրուն չէ։ Ավելին, որ անվտանգ չէ»։ Չի ասի, որովհետեւ՝ այս նույն իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից սկսած, իրենց մասնաբաժինն ունեն շահութաբեր բիզնեսում։ Չի ասի, որովհետեւ իշխանությունները հենց այդ շինարարության հաշվին կարողացան տնտեսական աճի թիվ նկարել։ Ու թքած՝ ինչ հետեւանքներ կունենա այս ամենը։ Կարեւորը իրենց գրպանը լիքը լինի։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»