Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ մեկ տարի առաջ նույն Սերժ Սարգսյանը «այդքան մտահոգող արտագաղթի» մասին պնդումները «անհեթեթ թեզ» էր որակում

Օգոստոս 16,2012 11:57

«Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ՝ եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք։ Շահույթ ստանալով՝ միաժամանակ կառուցեք մեր բոլորի երազանքների երկիրը։ Աշխատատեղեր ստեղծելով՝ օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը»,- հուլիսի 28-ին Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ այսպիսի սրտաճմլիկ հայտարարություն կոչ է արել Սերժ Սարգսյանը։ Կարելի էր, իհարկե, այս ելույթը դասել Սերժ Սարգսյանի՝ սփյուռքահայերից արտասուք ու գումարներ քամելու նկատառումներով արած հայտարարությունների շարքին եւ առանձնապես ուշադրության չւսրժանացնել։ Բայց այս կոչ-հայտարարության մեջ կա մի սկզբունքային արտահայտություն՝ «բոլորիս այդքան մտահոգող արտագաղթ»։ Մոտ մեկ տարի առաջ նույն Սերժ Սարգսյանը «այդքան մտահոգող արտագաղթի» մասին պնդումները «անհեթեթ թեզ» էր որակում։ 2011 թվականի հուլիսի 21-ին իր նստավայրում նա միգրացիայի հարցերի վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել եւ պետական պաշտոնյաների վրա ջղայնանում էր, որ նրանք պատշաճ չեն հակադարձում արտագաղթի մասին հրապարակվող ցուցանիշներին։ Դիմելով այդ պաշտոնյաներին՝ նա այդ խորհրդակցության ժամանակ ասել էր. «Ոչ ոք չհայտարարեց, որ եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ ինչպես ոմանք են ասում՝ Հայաստանը լքել 145 հազար մարդ, ապա եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի, եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա։ Չեմ կարծում, թե այն ժամանակ որեւէ մեկը կանգնելու է եւ ասելու՝ կներեք, տարեսկզբին ես սխալ վերլուծություն եմ կատարել։ Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաեւ Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը»»։ Դրանից կարճ ժամանակ անց պարզվեց, որ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է սխալ վերլուծության արել։ Պարզվեց, որ տարվա կտրվածքով, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանը լքել է 49 հազար ՀՀ քաղաքացի։ Այնինչ, շատ ջղայնացած Սերժ Սարգսյանը վերլուծել էր, որ 45 հազարից 40 հազարը կվերադառնան, այսինքն՝ Հայաստանը կլքի ընդամենը 5 հազար մարդ։ Բայց ինչ որ չենք հիշում, որ Սերժ Սարգսյանը ասած լինի. «Կներեք, 2011 թվականի հուլիսին սխալ վերլուծություն եմ արել»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031