Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանները ժամանակին չեն արձագանքել սպանության վերաբերյալ ահազանգին

Օգոստոս 16,2012 11:41

Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան իր բնակարանում անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է երկար տարիների մանկավարժ, 45-ամյա Լուսինե Ղազարյանը։ Կոմիտասի պողոտայի 30 շենքի երկրորդ հարկում գտնվող նրա բնակարան հանցագործները մուտք են գործել լուսանկարում պատկերված պատշգամբից, որի դուռը, շոգ եղանակի պատճառով, տանտիրուհին գիշերը բաց էր թողել։

Երբ մարդասպանը նոր է մտած եղել բնակարան, եւ կինը փորձել է աղմկել, նրա հարեւանները լսել են կնոջ ձայնը եւ ժամը 4.30-ի սահմաններում զանգահարել ոստիկանություն։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել հետո։ Ոստիկանները որեւէ կերպ չեն արձագանքել, հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն։ Հարեւանները նորից են զանգահարել։ Կարծում եք՝ ոստիկանները եկե՞լ են։ Ոչ։ Նրանք մուննաթ են եկել իրենց զանգահարող աղջկա վրա, ասել են. «Կարո՞ղ ա գիտես՝ պետք ա գանք բոլոր բնակարանները հատ-հատ ստուգենք»։ Դրանից որոշ ժամանակ անց հարեւանները եւս մեկ անգամ զանգահարել են «02» հեռախոսահամարով։ Վերջապես մի ոստիկան է հայտնվել։ Կարծում եք, նա փորձել է պարզե՞լ, թե ինչ է եղել։ Ոչ։ Կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, որ ոչինչ չի կարող անել մինչեւ կնոջ բնակարանի դուռը չբացվի։ Մի քանի ահազանգից հետո իրավապահներից հույսները կտրած հարեւաններից մեկին հաջողվել է մտնել Լուսինեի բնակարան, բայց, դժբախտաբար, կինն արդեն մահացած է եղել։

Ոստիկանություն առաջին զանգից մինչեւ  կնոջը հայտնաբերելու պահը տեւել է երկուսուկես ժամից ավելի։ Ի՞նչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին արձագանքեին քաղաքացիների կանչին։ Գուցե Լուսինե Ղազարյանին հնարավո՞ր լիներ փրկել։ Գուցե հանցագործն էլ արդեն հայտնաբերվա՞ծ լիներ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որոնք են ոստիկանների անպատասխանատու, մարդու կյանք արժեցած անտարբերության պատճառները, եւ արդյոք դա պարզելու համար ծառայողական քննություն նշանակվել է, թե՝ ոչ։

Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, չեն էլ հիշատակվում կանչերը, որոնք եղել են, նախ, ժամը 4.30-ի, հետո՝ 5-ի սահմաններում, նշվում է միայն, որ «օգոստոսի 12-ին, ժամը 06.40-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 30 շենքի 1-ին մուտքի 2-րդ հարկի հարեւանուհին չի արձագանքում, մեկնած օպերատիվ խումբը շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերել է 1967թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը», եւ որ հաջորդ օրը ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, ըստ որի՝ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցը մատներով սեղմելու հետեւանքով, ինչից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ։ Ընդամենը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031