Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագրից դրոշմակնիքը 3,5 ամսում չի անհետացել. խախտվել է քվեարկության գաղտնիության սահմանադրական իրավունքը

Օգոստոս 16,2012 11:08

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը գրեթե երեք ամիս առաջ՝ մայիսի 23-ին, դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով արձանագրել իր խախտված իրավունքները եւ միջոցներ ձեռնարկել խախտողներին պատասխանատվության ենթարկելու համար։

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից 15 օր անց Կարեն Հեքիմյանը տեսել է, որ Երեւանի թիվ 12/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից իր անձնագրում դրված ԿԸՀ մակագրությամբ դրոշմակնիքը չի անհետացել։ Կարեն Հեքիմյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված իր դիմումում գրել է. «Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ կետի՝ «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում»։ ՀՀ ԱԺ մայիսի 6-ին կայացած ընտրություններից անցել է շուրջ 20 օր, սակայն իմ անձնագրում դրված դրոշմակնիքը մինչ այժմ չի անհետացել։ Գտնում եմ, որ դրանով խախտվել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը (հոդվածը քվեարկության գաղտնիության մասին է՝ խմբ.), ինչպես նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ կետը»։

Հեքիմյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանից  պահանջում է,  որ վերջինս գրավոր արձանագրի, որ խախտվել է իր քվեարկության գաղտնիության սահմանադրական իրավունքը, եւ միջոցներ ձեռնարկի իր խախտված իրավունքները վերականգնելու համար։

Չնայած Կարեն Հեքիմյանը ՄԻՊ գրասենյակ իր դիմումը հանձնել է գրեթե երեք ամիս առաջ, բայց այդպես էլ չի կարողանում որեւէ պատասխան ստանալ այնտեղից։ «Ոմն Նարեկ անընդհատ ասում է, որ իրենք դիմել են տարբեր պետական ատյանների եւ այնտեղից պատասխանների են սպասում։ Բայց թե որքան կարող են իրենք սպասել այդ պատասխաններին, անհայտ է։ Հնարավոր է, որ այդ մարմիններն ընդհանրապես չպատասխանեն ՄԻՊ հարցումներին։ Բայց իմ ասածը կապ էլ չունի հարցումների հետ։ Ես ասում եմ՝ արձանագրեք, որ տեղի է ունեցել իմ իրավունքի խախտում։ Իսկ որ իմ իրավունքը խախտվել է, փաստ է. մինչ այժմ էլ իմ անձնագրում այդ դրոշմակնիքը պահպանվում է, չնայած անցել է ոչ թե 12 ժամ, այլ 3,5 ամիս»,-ասում է Կարեն Հեքիմյանը։ Ըստ նրա՝ սա ոչ միայն իր, այլեւ տասնյակ եւ գուցե հարյուր հազարավոր մարդկանց խնդիրն է, եւ եթե մարդու իրավունքների պաշտպանն արձանագրի, որ խախտվել են իր իրավունքները, ապա ստիպված կլինի արձանագրել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության արդյունքում խախտվել է տասնյակ եւ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների քվեարկության գաղտնիության իրավունքը։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031