Երեկ մինչեւ ուշ երեկո Սյունիքի մարզային փրկարարների կողմից տարված աշխատանքների արդյունքում հաջողվել է գտնել օգոստոսի 11-ի կեսգիշերին Կապանի տարածաշրջանի Նոր Առաջաձոր բնակավայրի Դավիթբեկ ջրամբարը (տեղացիները Չայզամի լիճ են անվանում) սուզված ՎԱԶ 21 06 մակնիշի ավտոմեքենան, սակայն այն ջրից դուրս բերել դեռեւս չի հաջողվել:
Դեպքը եղել է օգոստոսի 11-ի կեսգիշերի սահմաններում, երբ Կապանի Ձորք թաղամասի բնակիչ Մհեր Հայրապետյանը իր 25-ամյակը նշելուց հետո ընկերների հետ ցանկացել է լողալ լճում եւ մեքենան կանգնեցրել է լճից 10-15 մ բարձրության վրա գտնվող բացատում: Սակայն մեքենան այնտեղից գլորվել է դեպի ջուրը եւ սուզվել: Մեքենայում մարդ չի եղել եւ տուժածներ չկան:
Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Արթուր Հարությունյանի տեղեկացմամբ` մեքենան խորն է սուզվել` ավելի քան 7 մ խորության վրա է գտնվում, ստորջրյա քարերի, ճյուղերի ու կոճղերի արանքում, որի պատճառով էլ դժվարանում են այն դուրս բերելու աշխատանքները:
Իսկ այսօր ջրամբարից դուրս բերելու փորձեր չեն արվի, ջրի տակ աշխատող Սիսիանից փրկարարներին օգնության եկած երեք ջրասուզակների դատարկված թթվածնի բալոնները լիցքավորելուց հետոո միայն վաղվանից կվերսկվեն այդ աշխատանքները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ