Առաջիկա տասը ամիսների ընթացքում Վանաձորն ու շրջակա համայնքները կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման ծրագրի շրջանակներում նոր մակարդակի աղբահանության փաթեթ կունենան:
Գերմանական զարգացման բանկի կողմից շուրջ 430 հազար եվրո արժողության ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի զարգացնելու Վանաձորի եւ շրջակա համայնքների թափոնների կառավարման համակարգը:
Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Նորիկ Սարդարյանի խոսքերով, թեեւ վերջին տարիներին քաղաքում սահմանված գրաֆիկով աղբահանություն է կատարվում, այնուամենայնիվ, ըստ նրա, քաղաքի աղբահանության խնդիրը կատարելագործվելու կարիք ունի:
«Միայն աղբը մի տեղից այլ տեղ տեղափոխելով չի լինի, մենք հիմա դա ենք անում, բայց աղբահանությունը դա չի ենթադրում: Ոստի քաղաքապետարանը գտնում է, որ ինչ որ արվում է, դեռ շատ զարգանալու տեղ ունի»:
Կարդացեք նաև
Նրա դիտարկմամբ` աղբահանությունը ենթադրում է աղբահանություն իրականացնելուն ուղղված նորմալ պայմանների ստեղծում, ասենք` աղբի փոքրիկ վայրեր ունենալը, գեղեցիկ աղբարկղեր տեղադրելը:
«Այսինքն`պիտի լինի աղբի արկղերը սահմանափակված վայրերում տեղադրելու հնարավորություն, որ քամին, կենդանիները կամ թափառաշրջիկները չմտնեն, էսթետիկական հաճույք պատճառող գեղեցիկ աղբարկղեր, տեխնիկապես լավ զինված մեքենաներ: Այդ ամենն ունենալու համար մենք պիտի աշխարհի փորձը ունենայինք: Արդյունքում դիմեցինք Գերմանական զարգացման բանկին, վերջինս էլ ընդառաջեց մեզ»,-տեղեկացնում է Նորիկ Սարդարյանը:
Ծրագիրն իրականացնող փորձագիտական խմբի ղեկավար Էնդի Վայթմանի դիտարկմամբ, կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգը հնարավորություն կտա մի քայլ առաջ գնալու եւ աղբահանության` ավելի կատարելագործված համակարգ ունենալու:
«Ներդրումներն ուղղվելու են եւ քաղաքը մաքուր պահելուն ու մարդկանց առողջության պահպանմանը, եւ բնապահպանական առումով թափոնների կառավարումն ավելի անվտանգ դարձնելուն, ինչպես նաեւ թափոններից հնարավորինս շատ ռեսուրսներ պետք է քաղվեն` դրանք վերամշակելով, վերաօգտագործելով»,-պարզաբանում է փորձագիտական խմբի ղեկավարը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ