Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վաժա Ազարիաշվիլիի,Երվանդ եւ Դավիթ Համբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Վարդան Եղիազարյանի, Աբգար Հովսեփյանի, Կարեն Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:
Ըստ մեղադրանքը պաշտպանող Աշոտ Նադոյանի, Ազգային գրադարանից, ԵՊՀ գրադարանից գողացվել են 150 միավոր հնատիպ գրքեր (1800-1900 թվականներ), որի արդյունքում հասցվել է 7 մլն.500 000 դրամի վնաս:
Դատարան էին ներկայացել երկու վկա՝ Աիդա Սամսոնյանն ու Հասմիկ Հարությունյանը:
Աիդա Սամսոնյանի բնակարանն է վարձակալել Վաժան իր կնոջ եւ երեխայի հետ: Որպես տանտեր՝ նա մի քանի անգամ գումարի վճարման հետ կապված եղել է իր բնակարանում, սակայն «առաջ չի գնացել», եւ զրուցել է դռան դիմաց:
Կարդացեք նաև
Հեռուստատեսությամբ անցյալ տարվա դեկտեմբերին լսել է իր վարձակալի եւ ինչ-որ գրքերի մասին:
Ըստ վկայի ցուցմունքի, երբ արդեն իրավապահները խուզարկություն էին անում, ինքը տեսնում է, որ հայտնաբերվել են սեւ գույն բրդյա դիմակներ, բանալիներ, որոնք տոպրակով էին, գետնի վրա անգամ թափված: Իսկ ընդհանուր օգտագործման սենյակի դաշնամուրի միջից հանում են կողպեքները, որոնք, ըստ այդ վկայի, իր հետ կապ չունեին, իր իրերը չէին:
Վկա Հասնիկ Հարությունյանն էլ աշխատել է կես դրույքով ԵՊՀ գրադարանում:
Նա տեսել է Վաժային, եւ իմացել, որ նա ընթերցող է: Գիտեր, որ Վաժան դատարանում է հայտնվել «գրքերի կորստի պահով»;
Ավելին վկան չգիտեր, չի եղել գույքագրման հանձնաժողովում, չի զբաղվել սպասարկմամբ:
Դատարանում այսօր պիտի հարցաքննվեին եւս 3 վկա, սակայն նրանց հարազատները տեղեկացրել էին, որ նրանք հանրապետությունից դուրս են գտնվում: Հետեւաբար, դատարանն ավելորդ ժամանակ չկորցնելու նպատակով փոխեց ապացույցների հետազոտման կարգը:
Ցուցմունք տվեց ԵՊՀ հնատիպ գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանը:Ի դեպ, նրա պաշտպանը դիմեց դատարանին, որպեսզի չնկարահանեն իր պաշտպանյալին:
Վկան ասաց, որ 2006թ.դեկտեմբերի 5-ից մինչ այս տարվա մարտն աշխատել է, որպես բաժնի վարիչ:Նա Վաժային ճանաչել է նախ որպես իր ընթերցողի, ապա գրող-պատմաբանի:
Վաժան հաճախակի է եղել գրադարանում, անձնագիը թողել, եւ գրքերից պատճենահանումներ է կատարել:
Նա նաեւ օգնել է, որպեսզի որդնած, սնկային հիվանդություն ունեցող եւ աշխատակիցների մոտ բազմաթիվ ալերգիկ հիվանդություններ առաջացնող գրքերը բուժվեն:
Վաժա Ազարիաշվիլու համար Հասմիկ Դուրգարյանը պետության կողմից պիտի խրախուսվեր. «Այս կնոջը պետք է պարգեւատրել, որ հազարավոր գրքեր է փրկել, բուժել»:
Հասմիկ Դուրգարյանն ընդունեց, որ 17գրքի դիմաց Վաժայից վերցրել է 6000 դոլար. «Գայթակղվեցի: Չիմացա, ինչպես:Եվ գրքերը տարվեց»;
Ի դեպ, տիկին Հասմիկն ասաց, որ հետագայում զանգել է Վաժային, առաջարկել գումարը վերցնել, գրքերը տալու պայմանով, քանի որ գիտակցել է, որ վատ բան է արել:
Պաշտպանական կողմը հարցրեց. «Որքա՞ն են արժենում որդնած գրքերը», ինչին հետեւեց Հասմիկ Դուրգարյանի պատասխանը «Զրո:Եթե դիագնոզը կա, նրանք առանձնացվում են»:
Իսկ վրացի Վաժայի կարծիքով, մեր հնատիպ գրքերը «թույն են, որ կարող են մարդու առողջության համար վտանգավոր լինել, եթե դրանք անգամ դնենք այլ գրքերի մեջ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ