Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենը Գերմանիա էր մեկնել` $1մլն-անոց Ուրբաթագիրքը գրպանում

Օգոստոս 15,2012 16:37

ՀՀ մշակույթի նախարարության Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելը եւ փոխտնօրեն Կարինե Իսահակյանի մահը լայն արձագանք են գտել մամուլում: ԶԼՄ-ներով տարածվել է նաեւ Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանը տեսակետը:

Aravot.am-ին արդեն նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ իր համար նախ պատվի խնդիր է անօրինության դեմ պայքարելը, ուստի դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Եվ ընդդեմ մշակույթի նախարարության Մհեր Գրիգորյանի հայցով առաջին դատական նիստը նախատեսված սեպտեմբերի 4-ին:

Մեր զրուցակիցը հայտարարում է, թե անօրինական էր ոչ միայն իրեն, այլեւ Կարինե Իսահակյանին աշխատանքից ազատելը, վերջինիս պարագայում՝ հաստիքը իբր փակելու պատրվակով:

Մհեր Գրիգորյանը Aravot.am-ին պատմեց, որ իր աշխատած 8 տարիների ընթացքում  Ցուցահանդեսային կենտրոնից որեւէ աշխատանք չի պակասել, մինչդեռ դրանից առաջ մոտ 1500 աշխատանք է տրվել տարբեր կառույցների ու չի վերադարձվել: Ինքը կարողացել է իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում որոշ մասը հետ բերել: «Օրինակ «6-րդ» վարչության հետ  83 աշխատանք ենք հետ բերել: Որտեղ տեսնում էի՝ չի ստացվում, դիմում էի իրավապահներին»,- հայտնում է մեր զրուցակիցը:

Նրա ձեւակերպմամբ, մշակույթի նախարարության փնթի աշխատաոճի արտահայտություն էր, օրինակ Գերմանիայի Հալլե քաղաքում Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով 1 մլն դոլլար գնահատված Ուրբաթագիրքը տեղափոխելու պատմությունը: Գրիգորյանի ասելով, ամեն ինչ  միտումնավոր այնքան են ձգձգել՝ սկսած ապահովագրությունից, որ ինքը  ստիպված Հալլե է մեկնել՝ Ուրբաթագիրը կոստյումի գրպանում. «Փակ շրջանի նման մի բան էր. պայմանագիրը չկա՝ ապահովագրությունը չկա, կամ  հրամանը չկա, իսկ ապահովագրությունը լինում է, երբ գումարը մուծված է ու պայմանագիրն է լինում:  Հո օդի մեջ ապահովագրողը չի՞ ստորագրելու, իրեն պետք են երաշխիքներ՝ ցուցահանդեսը ե՞րբ եւ որտեղ  է լինելու, ի՞նչ հսկողությամբ, պահակային ծառայություն կլինի՞,  թե՞ ոչ, տեղափոխումն ինչպես է կատարվելու… Իսկ գիտե՞ք ճարահատյալ ոնց եմ վարվել. էդ մեկ միլիոնանոց գիրքն  ընդամենը իմ կոստյումի գրպանում էր, ու ոչ  մի  հսկողություն, ոչ մի զրահապատ մեքենա կամ  զրահապատ պայուսակ: Ասինքն,  իրենք ամեն ինչ անում են ինձ նման մարդկանց, որոնք իրենց կամակատար չեն,  նման վիճակում դնելու ու շահագործելու համար»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ մայիսի 2-ին պայմանագրի ժամկետը լրացած  նախկին տնօրենին, այսինքն շարքային քաղաքացուն, մայիսի 9-ին նախարարությունը վստահել էր նաեւ Հայաստանում միակ` թանկարժեք Ուրբաթագիրքը ետ բերելու պատիվը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031