Բութ մատը և ճկույթը միացնում ենք իրար, մյուս 3 մատները չենք ծալում: Ընդ որում վերջիններս խորհրդանշում են հայրենիք, ընտանիք, դավանանք եռյակը, իսկ բութն ու ճկույթն էլ խորհրդանշում են, որ փոքրը լսում է մեծին, իսկ մեծը հարգում է փոքրին: Ահա սա է սկաուտության նշանը, որն իմացա դեռ ավտոբուսում, մինչև ճամբար հասնելը: Շատ ոգևորված էի, որովհետև կյանքում առաջին անգամ էի գնում ճամբար, այն էլ սկաուտական, ուրեմն՝ վայրի պայմաններով: Մտածում էի՝ քնապարկում քնել չեմ կարողանա, սակայն պարզվեց, որ բավական հարմար է:
Չնայած ճամբարը Ասգամ «Աստղիկ» կազմակերպության աղջիկ-սկաուտների համար էր՝ կային նաև տղաներ: 50-ից ավելի մասնակիցները բաժանվեցին 3 թիմերի և հենց առավոտից սկսվեցին սկաուտական պարապմունքները: 6 օրվա ընթացքում սովորեցինք առաջին բուժօգնության հիմունքները, սկաուտական տարբեր կապեր և դրանց կիրառության դեպքերը, փորձցինք ջուր ստանալ բնական պայմաններում (դրա համար անհրաժեշտ է առավոտ վաղ ծառի առավել տերևաշատ ճյուղին տոպրակ կապել, և ժամը 4ին մոտ ստանալ ջուր) և ուրիշ շատ պետքական ու անհրաժեշտ բաներ:
Ճամբարում հյուր էին նաև Share Armenia էներգապահպանման ծրագրի ներկայացուցիչները, որոնք սովորեցրին պատրաստել արևային ջրատաքացուցիչ և խաղերի միջոցով բացատրել էներգապահպանման էությունը:
Այնտեղ էր նաև անգլիացի աղջիկ-գայդերի GOLD project-ի թիմը: Նրանք ևս դասընթաց անցկացրին՝ պատմելով իրենց երկրում սկաուտության առաջացման և զագացման մասին: Հետաքրքիր էր, երբ նրանց «Աստղիկ»-ի հիմնն էի սովորեցնում, բավական բարդ ստացվեցին ճ, տ, ծ, ղ, ջ տառերը: Դրանից հետո մի քանի օր շարունակ այդ երգն էին երգում:
Ամենատպավորիչ պահերից էին ամեն երեկո վառվող խարույկը և իհարկե դրա շուրջ խոսակցություններն ու երգերը:
Փակման արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ մի քանիսը, այդ թվում՝ ես, ստացանք պատվոգրեր՝ առավել ակտիվ մասնակցության համար: Ցավոք, հաջորդ գիշերվա ընթացքում այնպիսի անձրև եկավ, որ նույնիսկ վրաններում դրված պատվոգրերն ամբողջությամբ թրջվեցին:
Այնուամենայնիվ, ես այսուհետ սկաուտ եմ և ավելին, սեպտեմբերից պիտի խումբ բացեմ և 8-9 և բարձր տարիքի աղջիկների հետ դասեր անցկացնեմ: Ստացվում է՝ ես էլ եմ սովորելու՝ անելով:
Ագնես Գասպարբեկ՝ (mynews.am)