Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը պիտի զբաղվի իր բիզնեսով եւ իր բիզնեսը ծառայեցնի մեր ֆուտբոլին

Օգոստոս 15,2012 16:13

Հարգելի «Առավոտ», ես ձեր կայքի ընթերցողներից եմ, հետաքրքրվում եմ հասարակական ու քաղաքական կյանքով, բայց առաջին անգամ եմ հոդված գրում: ՀԱԿ-ի միտինգներին էլ եմ մասնակցում, բնապահպանների գործողություններին էլ եմ մասնակցել, բայց որեւէ քննարկման առաջին անգամ եմ գրավոր կերպով մասնակցում:

Երկար էի մտածում, այս մտքերս գրեմ, թե ոչ, բայց երկար մտածելուց հետո որոշեցի գրել, չնայած համոզված չեմ, որ ինձ ճիշտ կհասկանան:

Ես ֆուտբոլի իսկական ֆանատ եմ, բայց ֆանատների խմբերում գրանցված չեմ: Երեսուն տարեկան եմ, Արարատ-73-ի փառքի մասին շատ եմ լսել եւ շատ էի ցանկանում, որ այսօրվա ֆուտբոլն էլ կենդանության նշաններ ցույց տար:

Հիմա, երբ մեր ֆուտբոլը վերելքի մեջ է, տեղի ունեցավ «Հարսնաքարի» ողբերգությունը: Ես Ռուբեն Հայրապետյանին անձամբ չեմ ճանաչում, բայց մեր ֆուտբոլի հաջողությունները առաջին հերթին այդ մարդու աշխատանքի հետ եմ կապում: Գիտեմ, որ քչերն են իմ ձեւով մտածում: Ոմանք մեր ֆուտբոլի հաջողությունները կապում են Պորտերֆիլդի, Վարդան Մինասյանի, Հենրիկ Մխիթարյանի հետ, բայց Ռուբեն Հայրապետյանի հետ չեն կապում:

Ես այս մտքերս գրում եմ եւ ներողություն եմ խնդրում առաջին հերթին Վահե Ավետյանի հարազատներից եւ հասարակական ակտիվիստներից, որովհետեւ հասկանում եմ, որ նրանց բողոքը արդար է: Բայց նաեւ հասկանում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը թշնամիներ ունի նաեւ իշխանության մեջ: Եթե ուրիշ դեպքերում անմեղության կանխավարկածի մասին են խոսում, այս դեպքում պահանջում են, որ Հայրապետյանը նույնիսկ ֆուտբոլի ֆեդերացիայից հրաժարվի: Կներեք ինձ, բայց ես դեմ եմ դրան: Այսքան «Հարսնաքարի» դեպքերի մասին արտահայտվողներ գտնվեցին, բայց ամենից շատ մի ռեժիսորի խոսքն է իմ մեջ տպավորություն թողել: Նա գրել էր, որ մենք պիտի հնարավորություն տանք Ռուբեն Հայրապետյանին, որ նա իր մեղքը քավի: Մենք պիտի հնարավորություն տանք եւ ոչ թե անհնարին դարձնենք դա: Եթե իսկապես ուզում ենք, որպեսզի Վահե Ավետյանի ահավոր կորուստը գոնե չնչին չափով փոխհատուցվի: Իսկ եթե չենք ուզում, դա բոլորովին այլ հարց է: Կարծում եմ, որ չուզողներ էլ կան:

ՀԱԿ-ի ջահելների դատավարությունը իսկական խայտառակություն էր մեր երկրի համար:  Մենք պիտի միասին պայքարենք նրանց ազատելու համար: Արդեն հասկանում եմ, որ մեր սերնդից շատ բան է կախված: Բայց ամենակարեւորն այն է, որ իրար հասկանանք, հավատանք եւ մեկս մյուսի կարծիքը լսենք: Ամենադժվարը դա է:

Մյուս կողմից էլ ինձ համար անհասկանալի է այն «մտավորականների» պահանջը, որոնք պահանջում են, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատը վայր չդնի: Հայրապետյանն արդեն այդ մանդատը վայր է դրել եւ իմ կարծիքով շատ ճիշտ է արել: Նա պիտի զբաղվի իր բիզնեսով եւ իր բիզնեսը ծառայեցնի մեր ֆուտբոլին: Բայց առաջին հերթին այդ եկամուտներից պիտի բաժին ունենան Վահե Ավետյանի ընտանիքն ու ժառանգները: Ինձ թվում է, դա ամենաարդար տարբերակն է: Եթե գտնում եք, որ սխալվում եմ՝ ներեք ինձ:

Հրայր ՎԱՐԴԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031