Լրահոս
Օրվա լրահոսը

Դամասկոսի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Օգոստոս 15,2012 16:01

Սիրիացի զինվորները Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի վայրի մոտ, 15-ը օգոստոսի, 2012

Չորեքշաբթի վաղ առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի կենտրոնում Dama Rose հյուրանոցի հարեւանությամբ, որտեղ սովորաբար իջեւանում են ՄԱԿ-ի դիտորդները:

Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ պայթյունի արդյունքում երեք մարդ է վիրավորվել է, բայց ոչ մեկը ՄԱԿ-ի դիտորդներից չէ: Նրանք չեն տուժել:

Ըստ հեռուստաընկերության` հյուրանոցին մոտ գտնվող ավտոկայանատեղիում ռումբ է պայթեցվել բենզատար բեռնատարի մոտ:

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մամուլի խոսնակ Ջուլիետ Թոուման հաստատել է, որ վաղ առավոտյան, ժամը 5-ին պայթյուն է տեղի ունեցել Dama Rose հյուրանոցի մոտ, եւ որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության անդամներից ոչ մեկը չի տուժել:

Դամասկոսում է գտնվում նաեւ ՄԱԿ-ի հումանիտար գործողությունները համակարգող գործակալության ղեկավար Վալերի Ամոսը, բայց, ըստ լրատվամիջոցների, ենթադրվում է, որ նա իջեւանել է այլ հյուրանոցում:

«Ասոշիյթեդ Փրեսը» հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով թեթեւակի վնասվել են հյուրանոցի եւ մոտակայքում գտնվող արհմիությունների շենքը: Լրատվամիջոցը նաեւ հաղորդում է, որ պայթյունի վայրին մոտ գտնվում է նաեւ ռազմական պահեստ:

Ականատեսները պատմում են, որ ծխի մեծ քուլաներ են բարձրանում Դամասկոսի կենտրոնից, ու մի քանի շտապ օգնության եւ հրշեջ մեքենաներ շտապել են դեպքի վայր:

Պայթյունի թիրախը հստակ չէ: Դամասկոսի այս շրջանում գտնվում են կառավարական ու ռազմական գերատեսչությունների մի քանի շենքեր, եւ այս շրջանը անվտանգության խիստ հսկողության գոտի էր:

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադը լրագրողներին ասել է, թե «այս հանցագործությունը ցույց է տալիս թե ինչպիսի հարձակումների է ենթարկվում Սիրիան», եւ հավելել, թե «այսպիսի պայթյունները չեն կարող ազդեցություն ունենալ Սիրիայի վրա»:

«Ես հաստատում եմ, որ մենք ՄԱԿ-ի հետ ենք եւ ամեն հնարավորը կանենք ապահովելու նրանց պաշտպանությունը, որպեսզի նրանք կատարեն իրենց առաքելությունը», – հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարարը:

Վերջին շրջանում Սիրիայի մայրաքաղաքը ապստամբների հարձակումների թիրախ է դարձել: Քաղաքի արվարձաններում մարտեր էին ընթանում կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ: Անցած ամիս Սիրիայի ազգային անվտանգության կենտրոնակայանում իրականացված պայթյունի հետեւանքով սպանվեցին Բաշար ալ-Ասադի կառավարության ուժային նախարարությունների երեք բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաներ:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031