Միացյալ Նահանգները կրկին սաստում է Թուրքիային լրատվամիջոցների ազատության հարցում՝ ընդգծելով, որ անընդունելի է մարդկանց ազատազրկումը սեփական տեսակետը կամ կարծիքն արտահայտելու համար։ Այդ մասին, ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, երեքշաբթի օրը հայտարարել է ։Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն
«Ես շարունակում եմ պնդել, որ սա այն հիմնարար ոլորտներից մեկն է, որին Թուրքիան պարտավոր է ուշադրություն դարձնել, եթե ուզում է կառուցել առաջնակարգ, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական երկիր», – ասել է ԱՄՆ-ի դեսպանը։
Ընդ որում, Ռիկարդոնեն պնդել է իր տեսակետը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խիստ դիմակայությունից հետո, ով քննադատել էր ԱՄՆ-ի դեսպանին այս դիրքորոշման համար, եւ պնդել, թե նա գտնվում է «որոշ շրջանակների ազդեցության տակ»։
«Իմ համոզմունքը տեսակետների ազատության եւ դրանց պաշտպանության վերաբերյալ չի փոխվել», – Էրդողանի քննադատական հայտարարությունից հետո ասել է ԱՄՆ-ի դեսպանը եւ հավելել, որ այս հարցը քննարկվել է նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Կարդացեք նաև
«ԱՄՆ-ի պետքարտուղարը լուրջ ուշադրություն է դարձնում խոսքի ազատությանը, եւ յուրաքանչյուր հարմար առիթով անդրադառնում այդ խնդրին՝ խորը համոզմունքով եւ շատ հստակ. նա վստահ է, որ սա Թուրքիայի եւ թուրքերի համար շատ մեծ կարեւորություն ունեցող հարցերից մեկն է», – ասել է Ռիկարդոնեն։
Արեւմտյան կառույցների ճնշման ներքո 2008 թվականին պաշտոնական Անկարան բարեփոխեց Քրեական օրենսգրքի թուրքերի ինքնությունը վիրավորելու համար պատիժ սահմանող 301-րդ հոդվածը, որով դատարանի առջեւ էին կանգնել տասնյակ մտավորականներ ու գրողներ` հիմնականում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար։ Այդուամենայնիվ, արեւմտյան փորձագետների համոզմամբ, կատարված բարեփոխումները բավարար չեն:
«Ազատություն» ռադիոկայան