«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և օրենսդրին է ներկայացրել նախագիծ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) 138-142 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Ըստ ՀԿ իրավաբան Լուսինե Մինասյանի՝ օրենքում առաջարկվող փոփոխությունները նախատեսում են ծանրացնող հանգամանքների ավելացում, կոնկրետ հանցատեսակների դեպքում էլ՝ ազատազրկում, ազատազրկման պատժաժամկետի ավելացում:
«Եթե որոշ արարքների համար այժմ գործում է տուգանք պատժամիջոցը, մեր կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ դրանք կվերացվեն, իսկ ազատազրկման ժամկետները կերկարացվեն»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց իրավաբանը:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ օրենքով նախատեսված պատժի խստացում է նախատեսվում, եթե սեռական բռնի գործողությունները կատարվել են հղի կնոջ նկատմամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ, ինչպես նաև եթե կատարվել են անչափահասի նկատմամբ ծնողի կամ խնամակալի, մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից:
Կարդացեք նաև
«ՀՀ գործող օրենսդրությամբ այս անձանց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականություն, հետևաբար նման հանցագործությունը պետք է դիտվի որպես ծանրացնող հանգամանք և որպես պատժատեսակ պետք է ընտրվի ազատազրկումը, և ոչ թե տուգանքները, քանի որ նպատակահարմար չէ տուգանքը որպես պատժատեսակ նախատեսել սեռական հանցագործությունների պարագայում: Եթե սեռական ոտնձգությունն իրականացվել է որևէ պաշտոնյայի կողմից, ապա նա պետք է զրկվի այդ պաշտոնից»,- նշեց Լ. Մինասյանը:
Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը՝ գործող օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: ՀԿ իրավաբանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ տուգանքը՝ որպես պատիժ, վերանում է, նախատեսվում է միայն մինչև երեք տարի ազատազրկում:
Լուսինե Մինասյանի խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 138-142 հոդվածներում առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ էին, քանի որ օրեցօր սեռական բռնությունների դեպքերը շատանում են: «Անձը կարող է սեռական բռնություն գործել և այդ ցինիկ ու դաժան արարքի համար պատիժ կրել ընդամենը տուգանքի տեսքով: Մինչդեռ դա չի համապատասխանում նրա կատարած արարքի ծանրությանը»,- նշեց իրավաբանը, ավելացնելով, որ կազմակերպությունն աշխատում է զոհերի հետ և տեղյակ է, թե նրանք ինչ հոգեվիճակում են գտնվում: Այն պատժամիջոցը, որը գործող օրենքն է սահմանում, ընդհանրապես չի համապատասխանում արարքի բնույթին, դրանից բացի, ծանրացնող հանգամանքների բացակայությունը արարքը սխալ որակելու հնարավորություն է տալիս: «Եղել են դեպքեր, երբ նախաքննության մարմիններն արարքը չեն որակել այնպես, ինչպես իրականում տեղի է ունեցել: Այսինքն՝ օրենքի բացը հնարավորություն է տալիս արարքն ավելի մեղմ որակել, հետևաբար ավելի մեղմ պատիժ սահմանել»,- ասաց Լ. Մինասյանը:
ԱԺ առաջին և երկրորդ լսումների արդյունքում փոփոխություններն ընդունվել են: Առաջիկայում կա ևս մեկ լսում: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները ևս կընդունվեն, ինչի արդյունքում օրենքը կբարեփոխվի:
«Փաստինֆո»