Կապույտ մզկիթի մոտ այսօր ժամը 14.00-ին պետք է ակցիա տեղի ունենար, որի ընթացքում ներկաները պետք է ծաղիկներ դնեին մզկիթի բակում եւ մեկ րոպե լռությամբ հարգեին Իրանում տեղի ունեցած վերջին երկրաշարժի զոհերի հիշատակը: Նախաձեռնությունը լրագրող-թարգմանիչ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Վարդազարյանին էր: Թեեւ ակցիայի մասին ֆեյսբուքյան ծանուցումներին, ըստ նախաձեռնողի, բազմաթիվ մարդիկ էին միացել, բուն ակցիային այդպես էլ ոչ ոք չմասնակցեց: Ակցիան, սակայն, կայացավ՝ մեկ մարդով: Դավիթ Վարդազարյանը ծաղիկներ դրեց մզկիթի բակում եւ մեկ րոպե լռությամբ հարգեց երկրաշարժի զոհերի հիշատակը:
Նաեւ նամակ թողեց՝ հետեւյալ բովանդակությամբ. «Օլիմպիական խաղերին ձեր ունեցած նվաճումները, հարգելի իրանցիներ, նաեւ ինձ էին ոգեւորում: Ձեր երկիրը ցնցած աղետը՝ հուժկու երկրաշարժը, ինձ եւ շատերին ցնցեց: Ցանկանում եմ իմ կարեկցանքը հայտնել՝ կիսելով Ձեր վիշտը եւ մեկ րոպե լռությամբ հարգելով երկրաշարժի զոհերի հիշատակը»:
«Բոլորս ցնցված էինք Իրանում տեղի ունեցած վերջին ավերիչ երկրաշարժից: Այդ գիշեր գրեթե չեմ քնել. անհանգստացած էի տեղի հայերի, հայկական հուշարձանների համար»,- Aravot.am-ին իր այդ օրվա տպավորությունները պատմեց Դավիթը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ