Օգոստոսի 14-ին Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց (գլխավոր) հրապարակում տեղի ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան «PANTOMIMEFEST» մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի մեկնարկը տրվել էր օգոստոսի 10-ին: Հինգ օր շարունակ ոչ միայն հայ այլեւ արտասահմանից ժամանած անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր ներկայացան հայ հանդիսատեսին: Ծրագիրը հագեցած էր մանրապատումներով, կրկեսային համարներով, ֆիլմերի ցուցադրությամբ, Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացմամբ(հեղինակ Դավիթ Մինասյան), հովհարներով ֆլեշմոբ, ինչպես նաեւ փառատոնի հատուկ հյուր, Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, արվեստաբանության թեկնածու, մնջախաղի մասին բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ, եւ մի շարք ներկայացումների բեմադրող Ելենա Մարկովայի գլխավորությամբ վարպետության դասընթացներ:
Փառատոնի հետ կապված հանդիսատեսի կարծիքները տարբեր էին, ոմանք շատ գոհ էին ու տպավորված, որոշներն էլ, այնուամենայնիվ թերացումներ էին նկատում կազմակերպչական աշխատանքներում. «Հրաշալի գաղափար է եւ շատ հաճելի մթնոլորտ: Արդեն 3-րդ անգամ է. ինչ փառատոնը լինում է, բայց ես առաջին անգամ եմ ներկա գտնվում: Թերացումներ նկատեցի տեխնիկայի եւ մի քանի կազմակերպչական աշխատանքներում, բայց ամեն բան այնքան գեղեցիկ էր, որ դրանք երկրոդական պլան էին մղվում»,-ասում է 58-ամյա Գայանե Պետրոսյանը, ով եկել էր մասնակցելու փառատոնի փակման արարողությանը:
Փառատոնը ավարտվեց մեդալների շնորհմամբ: Մեդալների արժանացան Մատեո Չոնինին Իտալիայից, Մակոտո Ինոուեն Ճապոնիայից, Գլեն Խավիերը՝ իր թատերախմբով Դանիայից, Փոլանդ Թիեթր թատերախումբը Լեհաստանից, Սերգեյ Չերվյակովը Ղազախստանից, ինչպես նաեւ արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը եւ Ծաղկաձորի ոստիկանությունը:
Նշենք, որ Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից:
Քրիստինա Միրզոյան