Սյունիքի մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում արդեն ինքնաբացարկի դիմումներ են ստացվել ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուներից: Ինքնաբացարկ է հայտարարել Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրված անկուսակցական Վազգեն Հարությունյանը, իսկ նույն տարածաշրջանի Քարահունջ գյուղում պայքարը չի շարունակի ինքնաառաջադրված, ՀՀԿ-ական Թառլան Սարգսյանը:
Ի դեպ, Քարահունջում գյուղապետի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու` 3-ն էլ հանրապետական:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Բնունիս գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ, մանկավարժ Արմինե Հովսեփյանը: Նշված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 2-ական թեկնածուներ: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացվել նաեւ մարզի տարբեր համայնքներում առաջադրված ավագանու 3 անդամների կողմից:
Հետագա ընտրապայքարից հրաժարվել է Սիսիանի ավագանու անդամի համար ԲՀԿ-ից առաջադրված, Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության առաջին կարգի մասնագետ Արտաշես Ասրյանը, Լծեն գյուղական համայքնում` Պաշտպանության նախարարության Սիսիանի զորամասի զինծառայող Հայկ Նիկոյանը, իսկ Կապանի տարածաշրջանի Գեղի համայնքում` ավագանու անդամի համար ինքնառաջադրված, Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակից Վահրամ Գյուլբուդաղյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մարզի 109 համայնքներից 94-ում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ