Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ երգչախմբերը չմասնակցեցին փառատոնին

Օգոստոս 15,2012 15:12

«Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իվանյանը դա բացատրում է կոլեկտիվների ամառային հանգստով
ՙ«Արամ Խաչատրյան» համերգասրահում օգոստոսի 13-ին ավարտվեց խմբերգային արվեստի համահայկական փառատոնը, որն անցկացվում էր ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ վերջինը ներառում է 6 փառատոն: Այն մեկնարկել էր մարտին՝ հրավիրելով գրողների համաժողով, ապա շարունակվեց պարավեստի, հետո էլ՝ անհատ կատարողների փառատոներով: Սեպտեմբերին էլ նախատեսված է դուդուկի փառատոնը, որից հետո՝ լրագրողների համաժողովը, ինչով էլ կավարտվի «Իմ Հայաստանը»:
Անդրադառնալով խմբերգային արվեստի փառատոնի՝ նշենք, որ մասնակցում էին Սփյուռքից ժամանած 10 եւ հայաստանյան 6 երգչախմբեր: Թեեւ փառատոնի շեշտված առանձնահատկությունը հենց Սփյուռքի ու հայաստանյան խմբերի գրեթե հավասարազոր մասնակցությունն էր, ինչը Հայաստան-Սփյուռք համագործակցության վառ արտահայտություն ստացավ: Այդուհանդերձ, «Առավոտը» փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Լեւոն Իվանյանին ուղղված դիտարկմանը, այն է՝ Սփյուռքի ու Հայաստանի երգչախմբերը 5 օրերի ընթացքում հիմնականում ունեցան միացյալ ելույթներ, չի՞ կարծում, որ  մանավանդ Սփյուռքից ժամանած խմբերի գերնպատակը առանձին մենահամերգով ներկայանալն էր հայրենիքում,  ստացավ հետեւյալ պատասխանը. «Փառատոները ընդհանրապես ակնկալում են հավաքական տոն: Իսկապես, 5 օրերի ընթացքում ունեցել ենք 12 բեմել: Մյուս կողմից՝ ժամանակի սղությունն էր պատճառը, որ չկայացան մենահամերգները. պարզապես հնարավոր չէր առանձին ելույթների դաշտ ստեղծել»:
Հարցապնդմանը՝ ինչո՞ւ փառատոնին պետական պրոֆեսիոնալ խմբեր չմասնակցեցին, որը ինքնագործ խմբերի համար յուրովի վարպետության դաս կհանդիսանար, պարոն Իվանյանը պատասխանեց. «Հարցի պատասխանը միանշանակ տալ չեմ կարող: Այն ունի մի քանի պատճառ: Նախ՝ պետական խմբերը այս օրերին գտնվում են արձակուրդում, հետո էլ մասնակից երգչախմբերի համար ստեղծված էր հավասարազոր ելույթների դաշտ, ինչը նրանց հնարավորություն տվեց ավելի համարձակ ու անկաշկանդ ներկայացնել իրենց արվեստը»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ խմբերգային արվեստն, իր կարծիքով, երաժշտարվեստի հիերարխիայում գտնվում է ամենաբարձր կետում, այն պարզ պատճառով, որ երգչախումբը ամենահավաքական կենդանի երաժշտական գործիքն է:
Իրանից «Արարատ», «Կոմիտաս», Եգիպտոսից՝ «Արաքս», Սիրիայից՝  «Սպենդիարյան», Վրաստանից՝ «Ներսես Շնորհալի», Ռուսաստանից՝  «Վերածնունդ», «Օվսաննա», «Նորահրաշ» երգչախմբերը, Հայաստանից՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հայորդաց տների «Շողակաթ», «Կանթեղ», Արարատյան թեմի՝  «Ծաղկազարդ», «Արարատ», ՀՀ պաշտպանության նախարարության «Զորավան», «Երեւանի ձայներ» երգչախմբերը  համատեղ երգեցողությամբ հանդես եկան Գառնիում, Էջմիածնում, Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում: Թվարկված երգչախմբերի մասնակցությամբ (ավելի քան 320 մասնակից) «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում նկարահանվեց «Էրեբունի-Երեւան» երգի ֆլեշ-մոբը: Լեւոն Իվանյանին հաջողվել էր, օրինակ, փակման արարողության ժամանակ փառատոնին մասնակից բոլոր երգչախմբերին տեղավորել բեմում. միացյալ երգչախումբը, Ազգային օպերային թատրոնի գլխավոր խորմայստեր Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հնչեցրեց «Հայր մերը» եւ Հայաստանի օրհներգը, ինչպես նաեւ Սփյուռքի երգչախմբերի համար պարտադիր համարվող՝ Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի «Էրեբունի-Երեւանը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031