Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես մարդիկ ավելի շատ «կխռովեն» Հայաստանից

Օգոստոս 15,2012 14:51

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը: Օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 3000 դրամ): Ստացվում է, որ արտասահմանում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի Հայաստան վերադառնալիս տուգանվելու է 3000 դրամի չափով:

Aravot.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ զրույցում հետաքրքրվեց արդյո՞ք օրենքի այս դրույթի ընդունումը արդարացված է, կամ ի՞նչ կտա դրա կիրառումը Հայաստանին: Պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Մեխանիզմը, որը ներդրվել է Հայաստանից արտագաղթը կանխելու համար, արդարացված չէ: Իսկ ո՞վ է այդ քանակի վարույթ հարուցելու, քանի որ մեխանիկորեն տուգանել հնարավոր չէ, գուցե միայն դատական կարգով կարելի է գանձումն իրականացնել: Գործնականում չեմ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր իրագործել: Դա մի գործառույթ է, որը պետությունը և′ չի կարող իրականացնել, և′ չի կարող չիրականացնել, քանի որ արդեն իսկ օրենքով պարտավոր է կատարել. ՀՀ-ից բացակայողների թիվն այնքան մեծ է, որ այդ քանակի վարույթ հարուցելու համար մի ամբողջ ապարատ է հարկավոր: Քաղաքացիների կապը հայրենիքի հետ պահելու համար այլ մեխանիզմներ են հարկավոր: Գուցե ընթացակարգ մտցվի, որ եթե անձը վեց ամիս բացակայում է Հայաստանից և իր կապը Հայաստանի հետ չի արձանագրում, ավտոմատ սառեցվի նրա քաղաքացիությունը, թերևս դա ևս մեխանիկորեն իրականացնել հնարավոր չէ»: Անդրադառնալով այն պատճառաբանությանը, թե՝ նման մեխանիզմ է ներդրվել ՀՀ-ից արտագաղթը կանխելու համար, պարոն Զեյնալյանը նկատեց. «Մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից և մտադիր են վեց ամսից ավելի չվերադառնալ Հայաստան, նրանց համար տուգանքը՝ հնարավոր վերադարձի դեպքում, ոչինչ չի նշանակում: Տուգանքի չափերն էլ այդ մարդկանց համար նյութական առումով ոչինչ չի նշանակում: Պարզապես, սրա մասին իմանալով, մարդիկ մի փոքր ավելի շատ կխռովեն Հայաստանից»: Ա. Զեյնալյանը նաև հավելեց. «Այդ դրույթը կառավարչական առումով անիրագործելի է, արդարության իմաստով արդար չէ: Այդ դեպքում ինչո՞ւ վերադառնալու դեպքում տուգանել՝ «ուժներս միայն վերադարձողնե՞րի վրա է պատում»…եթե կարող են, թող մեկնելիս տուգանեն, կամ տվյալ երկրի հյուպատոսությունում վարույթ հարուցեն: Մտավախություն ունեմ, որ իշխանավորների «հնարամտությունը» լուծումը կգտնի՝ ժամանելիս գանձում իրականացնելու ձևով, այլապես մարդուն թույլ չեն տա հատել սահմանը»:

Դրույթն արդեն հասցրել է մի շարք քննադատությունների արժանանալ, դրանցից որոշների համաձայն՝ այդպիսով ցանկանում են պետբյուջեն լցնել: Այս կարծիքը հարուցեց Ա. Զեյնալյանի ծիծաղը և նա նշեց. «Ստացվում է, որ ինչքան շատ մարդիկ բացակայեն Հայաստանից, այնքան մեծ կլինի պետբյուջե՞ն: Համոզիչ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031