Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյան. «Ռուսական դրոշի փայլից եւ ռուսական հզորությունից Հայաստանի թշնամիների աչքերը կկոցվում են»

Օգոստոս 15,2012 14:35

Դեռ ամիսներ առաջ, երբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը շրջանառության մեջ դրեց Եվրասիական միության ստեղծման գաղափարը, Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը միանգամից դրական արձագանքեց: Ասաց, որ Հայաստանն անպայման պետք է ներկայացված լինի այդ միությունում: Երեկ «Առավոտի»  հետ զրույցում Ռուբեն Թովմասյանը վերահաստատեց իր մոտեցումը: Հարցին՝ ինչո՞ւ է ինքն այդպես անվերապահորեն դրական արտահայտվում Եվրասիական միության մասին, երբ դա դեռ շատ հեղհեղուկ գաղափար է, եւ հեղինակներն իրենք դեռեւս հստակ պատկերացումներ չունեն, ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Այո, դեռ կոնկրետ բան չկա, բայց ես կողմնակից եմ միությանը, որովհետեւ նրա անդամներն են Սովետական միության նախկին հանրապետությունների հիմնական մասը եւ հզորները: Միությունը որ եղավ՝ մնացած հարցերը՝ չափորոշիչները, տնտեսական հարցերը եւ այլն, կկարգավորվեն: Հայաստանի համար էլ կբացվի լայն շուկա»: Հետաքրքրվեցինք՝ ընկեր Թովմասյանը հույս ունի, որ այս միությունը Սովետական միությունը վերականգնելու առաջին փո՞րձն է: «Ես հույս ունեմ, որ այս միությունը կկայանա: Իսկ եթե Սովետական միությունն էլ վերականգնվի՝ փոքրիկ ճշգրտումներով, այնպես, ինչպես Չինաստանն է այսօր զարգացնում իր տնտեսությունը, գաղափարական հարցերը, ես կողմնակից եմ»,- եղավ պատասխանը: Թե գործնականում ինչպե՞ս է ընկեր Թովմասյանը պատկերացնում այդ ամենը, երբ մեր հարեւաններ Վրաստանը, Ադրբեջանը աշխարհաքաղաքական այլ համակարգերում են ակտիվորեն ընդգրկված, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը նկատեց.«Ընդհանուր սահմանով միությունն, իհարկե, կարեւոր նշանակություն ունի: Բայց, եթե ընդհանուր սահման էլ չկա՝ Հայաստանի միակ ելքը դա է: Հայաստանը միայնակ գործել չի կարող»: Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իր վերլուծություններում ընկեր Թովմասյանը հանգում է նրան, որ Հայաստանի՝ Եվրասիական միություն մեջ ընդգրկվելով բոլորը կհասկանան, որ Հայաստանը միայնակ չէ.«Փորձեր չեն արվի Հայաստանի տարածքն օկուպացնելու եւ այդտեղից Սիրիային, Իրանին խփելու: Մանավանդ՝ Իրանին»:

Թե ինչո՞վ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին չի բավարարում ՀՀ-ՌԴ ներկայիս ռազմավարական համագործակցությունը, ինչի արդյունքում առանց այդ էլ ՌԴ-ի ռազմական ներկայությունը մեր երկրում բավականին ծանրակշիռ է, եւ դա արդեն տալիս է իր մտահոգությունների պատասխանները, Թովմասյանը պարզաբանեց. «Անկախ նրանից, թե այսօր ինչպիսի վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում, մենք գտնում ենք, որ այդ դարավոր բարեկամությունը դեռ զարգանալու տեղ ունի, մանավանդ, երբ մենք շրջապատված ենք թշնամական երկրներով, եւ ամեն րոպե չի բացառվում սադրանքը Հայաստանի նկատմամբ: Հայաստանը հզոր է Ռուսաստանի հետ: Դա կլինի նաեւ Թուրքիայի այն հավակնոտ հայտարարության պատասխանը, որ եթե ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ պատերազմական գործողություններ զարգանան, իրենք կմիջամտեն, ՌԴ-ին էլ կստիպեն ետ քաշվել: Թող նման հույսեր չփայփայեն, ՌԴ-ն երբեք ձեռքերը չի լվանա: Այն պահից, երբ ռուսական դրոշի փայլից եւ ռուսական հզորությունից Հայաստանի թշնամիների աչքերը կկոցվում, էլ չեմ ասում՝ կուրանում են, Սովետական միության հիմնի ներքո, դա Հայաստանի հաջողությունն է: Հայաստանի վերջը կսկսվի այն պահին, երբ այդ ատրիբուտները չփողփողան Գյումրիում»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Ռուբեն Թովմասյանն այդքան ջերմեռանդորեն խոսում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին, երբ անգամ իշխող ՀՀԿ-ականներն են բավականին զգուշավոր արտահայտվում: Մասնավորաբար, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը մեր թերթին տված հարցազրույցում նկատել էր, որ Հայաստանի համար Եվրասիական միությունն այլընտրանք չէ, որ ՀՀ-ն որդեգրել է եվրոպական զարգացման ուղղությունը եւ հավատարիմ է դրան: Ընկեր Թովմասյանը նկատեց. «Տեսնո՞ւմ եք, թե օր օրի ինչ իրավիճակ է Եվրոպական միությունում՝ Պորտուգալիա, Իսպանիա, Հունաստան…Ստեղծվել է մի վիճակ, երբ բոլոր պետությունները նստած են Գերմանիայի եւ Ֆրանսիայի ուսերին, եթե ոչ վզին: Այնպես որ՝ Եվրոպան մի հիանալի հեռանկար չունի ապագայում: Իսկ ինչ վերաբերում է որոշ մարդկանց, ովքեր իրենց ամբիոններից խոսում են ոչ հօգուտ Եվրասիական միության, ապա թող նայեն, թե Հայաստանն իր դարերով անցած ճանապարհով ի՞նչ է տվել պատմությանը, եւ ի՞նչ են տվել ԱՄՆ-ն ու Եվրոպան Հայաստանին: Այդ նույն Եվրոպան էր, որ Եղեռնի ժամանակ ասաց՝ մենք մեղք ունե՞նք, որ մեր նավերը ձեր լեռները չեն բարձրանում: Այդ ԱՄՆ-ն էր, որ ասում էր՝ ի՞նչ մեղք ունենք, որ հայի արյունն ավելի էժան է, քան Ադրբեջանի նավթը, ու հիմա էլ Եղեռնը չեն ճանաչում: Սրանք մոռանալ չի կարելի: Լուրջ եւ ճիշտ պետք է գնահատել ամեն ինչ»:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում ՀՀ իշխանությունների զգուշավոր մոտեցմանը ընկեր Թովմասյանը չի անդրադառնում, միայն ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ՀՀ իշխանությունները բավական հաջողությամբ են աշխատում. «Դրա ապացույցն էր նաեւ նախագահների վերջին հանդիպումը: Այն, որ արձակուրդի ժամանակ եղավ այդ հանդիպումը, դա նշանակում է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար ե՜ւ արտաքին, ե՜ւ ներքին քաղաքականության մասով, ե՜ւ քաղաքական, ե՜ւ տնտեսական: Այլապես՝ մի 15 օր հետո կհանդիպեին, ի՞նչ էր եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031