Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորում ահաբեկումներն արդեն սկսվե՞լ են

Օգոստոս 15,2012 14:23

Արմավիր մարզի Մեծամոր ավանում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը՝ ՀՀԿ-ական պատագամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը եւ Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանը: Աշոտ Գրիգորյանի եւ եղբոր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն, եւ Աշոտ Գրիգորյանը, նախկինի պես, հիմա չի վայելում գեներալ եղբոր հովանավորությունը: Քաղաքապետի միակ կին հավակնորդ, դպրոցի նախկին տնօրեն Ասյա Առաքելյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Տիկին Առաքելյանից երեկ հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ էր իրեն հրապուրել քաղաքապետի պաշտոնը եւ ինչո՞ւ այդքան շուտ հիասթափեցրեց: «Ես կարո՞ղ եմ վերջին հարցին չպատասխանել», -միանգամից վրա բերեց տիկին Առաքելյանը: Ինչ մնում է իր առաջադրմանը՝ ասաց, որ դա իր առաջին պոռթկումն էր, որ երկար տարիներ մանկավարժ է եղել, բազում երեխաների է դաստիարակել, նաեւ՝ իր կորցրած երկու երեխաների հիշատակը վառ պահելու համար ցանկանում էր Մեծամորը դարձնել ավելի աշխույժ, երիտասարդական քաղաք. «Հետո հասկացա, որ առողջությունս չի ների: Աշխատանքը շատ մեծ ծավալի է, երեւի չկարողանամ: Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի երիտասարդներին ճանապարհ տալ»:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով ՝ Ասյա Առաքելյանի ինքնաբացարկի պատճառը նրա նկատմամբ գործադրված ճնշումներն են: Ասում են, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ մարզպետարանի այլ չինովնիկներ բավականին կոշտ զրույցներ են ունեցել տիկին Ասյայի հետ: Տեղացիների կարծիքով՝ Ասյա Առաքելյանը գործող քաղաքապետ եւ քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Գրիգորյանի համար բավականին լուրջ մրցակից էր: «Ցանկացած քաղաքական գործընթացների ժամանակ հազար ու մի խոսակցություններ են լինում: Ես մանկավարժ եմ եւ այդ խոսակցություններից հեռու մարդ: Չի եղել այդպիսի բան: Եվ դնելը եւ հանելը եղել է իմ որոշումը: Ես հետո խորը մտածեցի եւ հասկացա, որ այն ժամանակը, որը կարող էի օգտագործել, անցել է: 10 տարի առաջ լիներ, երեւի թե ավելի ճիշտ կլիներ,- ասաց մեր զրուցակիցը: Տեղում խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ Ռոբերտ Գրիգորյանը բավականին կոշտ հեռախոսազրույցներ է ունեցել տիկին Ասյայի հետ, վիճաբանել է, հայհոյախառն արտահայտություններ է իրեն թույլ տվել: «Ինձ վրա ճնշումներ չեն եղել: Խնդրում եմ ձեզ, մի գնացեք այդ խոսակցությունների ետեւից»,- եղավ տիկնոջ պատասխանը: Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով, երեք թեկնածուներից ո՞վ առավել շանսեր ունի հաղթելու: «Կհաղթի նա՝ ով արժանի է»,-ասաց մեր զրուցակիցը: Իսկ ո՞ւմ է ինքը նախապատվություն տալիս՝ պատասխանեց.«Գործող քաղաքապետին: Նա արդեն փորձ ունի, պետք է հնարավորություն տալ երկրորդ անգամ իրեն դրսեւորի: Նա  տեղի բնակիչ է, արդեն գիտի քաղաքը, պետք է հնարավորություն տալ»:

Հիշեցնենք, որ գործող քաղաքապետից իր հարազատ կուսակցությունում այնքան էլ գոհ չեն: Ընդամենը 4500 ընտրող ունեցող քաղաքում խորհրդարանական ընտրություններում քաղաքապետի հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, երրորդ տեղը զբաղեցրեց: Առաջին տեղում ԲՀԿ-ն էր, երկրորդում՝ «Ժառանգությունը»: Կարելի է ենթադրել, որ տեղացիներն էլ իրենց քաղաքապետից գոհ չեն, այլապես, գոնե նրա «խաթր» ՀՀԿ-ին ձայն կտային: Այստեղ այնքան էլ չեն հացրել կարոտել նաեւ նախկին քաղաքապետ, գեներալ Մանվելի եղբորը՝ Աշոտ Գրիգորյանին: Հետեւաբար՝  հետաքրքիր պայքար է լինելու:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031