Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսենսուս չկա

Օգոստոս 15,2012 14:05

Երեկ, այսօր եւ վաղը «Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրում ենք Արայիկ Մանուկյանի հոդվածը, որը կրում է «Հայաստանի լրագրության տխուր դեմքը» տխուր վերնագիրը: Արայիկն այն մարդը չէ, որը ակնկալում է, թե բոլորս նրա հետ 100 տակոսով համաձայն ենք լինելու: Ես էլ չեմ պատրաստվում կուրծք ծեծել` պնդելով, թե ես նրա նկարագրած խմբագիրներից չեմ, ես բացառություն եմ: Լրատվամիջոցներն աշխատում են մրցակցային դաշտում, եւ եթե բոլորը գրում են բռնաբարված տատիկների մասին, «Առավոտը»  չի կարող այդ թեման շրջանցել:

Բայց մի հարցում հեղինակն արդարացի է` 10 տարի առաջ ընդունված «Մամուլի մասին» օրենքը, իր ժամանակի համար բավականին առաջադեմ լինելով, չի կարգավորում այսօրվա իրողությունները: Հազարավոր օրինակներից բերեմ ամենաթարմը: Հանրապետական պատգամավորը մեր թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, ճիշտ թե սխալ` էական չէ: Այդ կարծիքը վերաշարադրվում է մի կայքում` մամուլի տեսության մեջ եւ տակը գրվում են մեկնաբանություններ: Եվ ահա ՀԱԿ-ի համակիրներից մեկը, որն այդ պատգամավորի երեխայի տարիքին է, իր մեկնաբանության մեջ դիմում է իշխանության ներկայացուցչին` «ա՛յ կենդանի» եւ,  իհարկե, իսկույն 7 հատ «like» ստանում, ինչը, հավանաբար, նշանակում է`«վախ, ցավդ տանեմ, մեռնեմ դուխիդ, լավ շշեցիր»: Ինչ արած, Կոնգրեսն այդպես է պատկերացնում հանուն ժողովորդավարության իր պայքարը: Հիմա ի՞նչ անել այդ մեկնաբանության հետ: Եթե կայքի խմբագիրն այն ջնջի, կարող են մեղադրել ազատ խոսքը ճնշելու մեջ: Եթե չջնջի, իմ նմանները (որոնք, գիտակցում եմ, այսօր մեր հասարակության մեջ փոքրամասնություն են կազմում) կարող են իրենց վատ զգալ: Եվ հետո` մեկնաբանության համար համար ո՞վ է պատասխանատու` այն գրո՞ղը, թե՞ կայքը: Դրանք իսկապես հարցեր են, որոնք մամուլի ներկայիս օրենքը չի կարգավորում: Ամենահետարքիրն այն է, որ օրենդսդրական կարգավորման  ցանկացած փորձ (եթե այն երբեւէ արվի) նույնպես դիտվելու որպես «մահակ», «գրաքննություն» եւ այլն:

Մի բան պարզ է` ոչ մի կոչ կամ ԶԼՄ-ների համատեղ հայտարարություն, ոչ մի վարքականոն, ոչ մի ինքնակարգավարում  չի օգնի, որովհետեւ «շշելը», «ջախջախելը», «պորտը տեղը դնելը» խրախուսվում է ոչ միայն լրատվամիջոցներում, այլեւ առօրյա կյանքում: Հայաստանյան հասարակության մեծամասնություն մեջ կա կոնսենսուս, որ, օրինակ, փողոցում չի կարելի մերկ քայլել` այստեղ գործում են ինքնակարգավորման մեխանիզմները, եւ խորհրդարանը չպիտի օրենք ընդունի` մերկ չքայլելու մասին: Բայց նման համաձայնություն չկա` ենթադրենք, լրատվամիջոցներում չհայհոյելու մասին: Գումարած` այդ դեպքերում անխուսափելի դեմագոգիան: Վերջերս մեկը Ֆեյսբուքի իմ պատին սկսեց ինչ-որ պոռնո մտքեր արտահայտել, եւ երբ ես նրան արգելափակեցի, սկսեց բողոքել` «չէ՞ որ դուք ազատ խոսքի ջատագով եք»: Էլի ջատագով եմ` համացանցն ընդհանրապես եւ Ֆեյսբուքը մասնավորապես ձեր տրամադրության տակ են: Ինչո՞ւ անպայման պիտի ինքնարտահայտվեք իմ պատին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031