«Այն ինչ մինչ այսօր Հայաստանում ասվել է, ոչ մի կապ չունի իրականության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիրիայի հայ համայնքի մասին խոսելիս ասաց օրերս Սիրիայից վերադարձած «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
Ըստ նրա՝ երկրի խնդիրները ակնառու են, բայց համայնքի խնդիրներն ավելի տպավորիչ են, քան այն պատերազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում հայկական թաղամասերից դուրս. «Համայնքը տագնապի մեջ է: Բացի այդ՝ ընդհանուր տեսակետ կա, որ համայնքը լքելը դավաճանություն է, լքողներն էլ դավաճաններ: Այնտեղ լուրեր են տարածված, որ Հայաստանում դեմ են, որ սիրիահայերը գան Հայաստան, մենք ունենք նկարահանումներ, որտեղ մարդիկ ասում են, թե Հայաստանում նույնիսկ ցույցեր են եղել, իրենց՝ Հայաստան գալու հետ կապված, քանի որ, նրանց պատճառով Հայաստանում թանկացումներ են եղել»:
Բաբաջանյանը նշում է՝ Հայաստանի Սփյուռքի եւ ԱԳ նախարարությունները լրջագույն թերացումներ ունեն. «Ճիշտ կլիներ հայտարարությամբ հանդես գային, ասեին, որ Հայաստանի մասին Սիրիայում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համպատասխանում, նման բան չկա»:
Բաբաջանյանի փոխանցմամբ՝ «Այսօր Սիրիայում նույնիսկ հայ երիտասարդներն են զենքերով պահում հայկական թաղերը, տղաները գնում երեկոյան բանակից զենք են վերցնում, առավոտյան հանձնում: Ասեմ ավելին՝ այս 2 օրվա ընթացքում 50 հոգի էլ պետք է զենք վերցներ, իսկ մինչեւ շաբաթվա վերջ՝ եւս 200-ը»:
Կարդացեք նաև
Բաբաջանյանը խորհուրդ տվեց Հայաստանի իշխանություններին չվախենալ Սիրիա գնալուց, առաջարկեց գնալ, տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին:
Նա նաեւ հայտարարեց, թե Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սխալ տեղեկություններ է տարածում. «Նա նույնիսկ տեղյակ չէ, թե իրականում այնտեղ ինչ է կատարվում: Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ: Նրանք ուզում են, բայց վախենում են այդ մասին բարձրաձայն ասել, եւ միջոցներ չունեն այստեղ հասնելու համար»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ