Այսօր լրանում է ականավոր բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 90-ամյակը: Նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները հավաքվել էին Կոմիտասի պանթեոնում եւ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում նրա շիրիմին: Նա մահացել է 1996 թվականին: Գրողի փոքր դուստրը` Հասմիկ Դավթյանն ասում է, որ ապրում է հոր տանը եւ նա միշտ իրենց հետ է. «Ամեն անգամ ինչ որ քայլ անելիս մտածում եմ` ինչ կմտածեր հայրս: Հպարտանում եմ, որ իր նման հայր ունեմ»:
«Առաջին սեր», «Աշխարհի առավոտը», «Ճանապարհ սրտի միջով» պոեմը, «Լուսաբացը լեռներում», «Ամառային ամպրոպ», «Գինու երգը». Սրանք Վահագն Դավթյանի ստեղծագործություններն են: Փոքր աղջկա խոսքով մինչեւ այսօր կարդում է հոր գրածները. «Շատ տպավորիչ են գրվածքները, սակայն ցավում եմ, որ նրա գործը շարունակող չկա, ծոռների մեջ միգուցե լինեն նման մարդիկ»:
Հրաշալի հայր, հրաշալի պապիկ, հրաշալի մարդ. այսպես բնութագրեց իր հորը Հասմիկը: Միայն մահվանից հետո են զգացել նրա ֆիզիկական բացակայությունը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ