Սեպտեմբերին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական կուսակցություններ յուրովի պատրաստվում են: Ուստի Aravot.am-ը Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ իրենց կուսակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընտրախախտումները կանխելու համար: ՀԴԿ ղեկավարը պատասխանեց. «Ընտրախախտումների դեմ առանձին կուսակցություններով չեն պայքարում, դրա դեմ համակարգային պայքար է պետք ծավալել»:
Հետաքրքրվեցինք՝ երաշխիքներ տեսնո՞ւմ են, կամ հույսեր ունե՞ն, որ այս ընտրությունները ավելի արդար կանցնեն: Պարոն Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ: Խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս է անցել, ուստի այդ ամիսների ընթացքում ի՞նչ կարող էր փոխվել, ոչինչ: Այսօր մեր երկրում փոփոխություններ կատարել թույլ չի տալիս ստեղծված համակարգը»:
Մեր այն հարցին այս ընտրություններում նոր օրինաչափություններ չե՞ն նկատում, օրինակ՝ Մասիսում ԲՀԿ-ականներն իրար դեմ են առաջադրվել և այլն, Ա. Սարգսյանը պատասխանեց. « Դա իրենց խնդիրն է, եթե վստահ լինենք, որ գալիս են փոփոխություններ կատարելու համար, ուրեմն կարելի է համարել, որ դա առողջ մրցակցություն է: Բայց, ցավոք, փոփոխություններն ընդամենը անձի փոփոխություններ են, ոչ թե համակարգի, ուստի այս ընտրություններից էլ որևէ ակնկալիք չունեմ»:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե հավատ չի՞ ներշնչում անգամ այն, որ ոստիկանությունում հատուկ խորհրդակցություն են հրավիրել, որտեղ օրակարգային հարց է եղել ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելը, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. « Բոլոր ընտրություններից առաջ էլ նրանց բոլրին հավաքում են: Դա իրենց գործն է, որ իրենց պատկերացմամբ կարգն ու կանոնը պաշտպանեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ