Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացառվելու է երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը

Օգոստոս 15,2012 13:05

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի երկրի ազգային անվտանգության  համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:

Այդ նպատակով մշակված օրինագծով նախատեսվում է լրացուցիչ ամրագրել, որ ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե, ԱԱԾ-ի եզրակացության համաձայն, ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար:

Առաջարկվում է նաև, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պարտադիր դիմի ԱԱԾ-ին`  Հայաստանում ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով:

Գործող օրենքի համաձայն, ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը` ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, ոչ բոլոր, այլ միայն անհրաժեշտության դեպքերում է դիմում ԱԱԾ` ապաստան հայցողի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Բացի այդ, ԱԱԾ-ի տված համապատասխան եզրակացությունն ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք չէ: Ըստ ԱԱԾ-ի, դա հնարավորություն է ընձեռում միգրացիոն պետական ծառայությանը, անգամ համապատասխան եզրակացության առկայության դեպքում, կայացնել դրական որոշում:

Հիշյալ օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկված է կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Այն կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Ազգային ժողով:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել