Եթե շարունակվեն օրերս տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումները եւ մի հատ էլ ուժեղ երկրաշարժ լինի, ապա Երեւան քաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը լիովին կփլուզվի: Այսօր «Հենարան» ակումբում ասաց սեսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը: Ըստ նրա, մայրաքաղաքի շենքերի մեծ մասը չեն դիմանա ուժեղ երկրաշարժին, քանի որ դեռեւս խորհրդային տարիներին են կառուցվել եւ այս ընթացքում ոչ մի անգամ շենքերի ամրապնդման աշխատանքներ չեն կատարվել:
Պարոն Բալասանյանի խոսքերով`«Չնայած նոր շինարարությանը, մայրաքաղաքի շենքերի 70-80 տոկոսը կառուցված են դեռ սովետական ժամանակ, նրանք իրենց ամորտիզացիայով արդեն պիտանի չեն, կառուցվել են այն ժամանակվա սեյսմիկ շրջանացման քարտեզի իրողությամբ, այսինքն` 7 բալի համար: Բացի այս, շահագործման այս տասնյակ տարիների ընթացքում ինչ ասես չարեցին` խանութներ, ռեստորաներ կառուցեցին, ջրեր են լցվել, հազար ու մի բան: Բնակիչներն էլ, իրենց բնակարաններում, էլի, ինչ ասես չարեցին եւ փաստացի մենք ունենալու ենք ոչ միայն բնական աղետի հետեւանք, որը կարելի է մարսել, չենք մարսելու,սա լինելու է ազգային աղետ»:
Պարոն Բալասնայանի ներկայացմամբ` դեռեւս դեկտեմբերին առաջարկել է սկսել շենքերն ամրապնդել, սակայն, քաղաքապետարանը պատճառաբանել է` մեր բյուջեն նման ծախսեր չի ներում, պետական բյուջեն էլ գումարներ չի տրամադրում. «Մեկը մյուսի վրա է գցում: «ԺԷԿ»-երին ինչի՞ համար եք գումարներ տալիս, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեզանից վերցնելով գույքի վարձ եւ այլն, ի՞նչ են անում: Համատիրությունները, որ հավաքում են, ո՞ւր են գնում այդ գումարները, եթե ոչ մեր շենքերի ամրացման վրա»:
Բացի այն, որ մայրաքաղաքի շենքերը սեյսմակայուն չեն, նաեւ անթույլատրելի խիտ բնակեցված է քաղաքը. «Մեր քաղաքի բնակեցման խտությունը ակնհայտորեն սխալ է, խորհրդային տարիներից գոյություն ունեն համապատասխան անվտանգության նորմեր, այսինքն` նրա համար, որ բնական աղետների, երկրաշարժերի դեպքում շենքերը որպեսզի ունենային որոշակի ազատ տարածքներ եւ դուրս գալու լրացուցիչ տեղեր: Երեւանի այսօրվա խտությունն անթույլատրելի է»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ