Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսների մեկ տոկոսը կարծում է, որ հայերը հանցագործ հակումներ ունեն

Օգոստոս 15,2012 12:35

Ռուսաստանցիների 12 տոկոսը համոզված է, որ կովկասցիները ավելի շատ են հակված հանցագործություններ կատարելուն, քան երկրում բնակվող ազգային ու կրոնական մյուս խմբերը:

Սա են վկայում ռուսաստանյան սոցիոլոգիական ամենահեղինակավոր ծառայություններից մեկի` «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ФОМ) անցկացրած վերջին հետազոտության արդյունքները: Հայերի, ինչպես նաեւ վրացիների ու ադրբեջանցիների մասին, սակայն, Ռուսաստանի բնակիչները համեմատաբար ավելի դրական կարծիքի են: Հարցվածների միայն մեկ տոկոսն է կարծում, որ Հարավային Կովկասի երեք պետություններից Ռուսաստան տեղափոխվածները աչքի են ընկնում հանցագործ հակումներով: Անհամեմատ ավելի վատ կարծիքի են ռուսները չեչենների, դաղստանցիների, ինչպես նաեւ գնչուների ու տաջիկների մասին:

ФОМ-ի մասնագետներն այս հետազոտությունը նախաձեռնել են այն բանից հետո, երբ «Եդինայա Ռոսիա» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ որոշեցին Պետդումայի աշնանային նստաշրջանի ընթացքում օրենսդրական փոփոխություն նախաձեռնել, որով լրատվամիջոցների հաղորդումներում եւ հրապարակումներում կարգելվի նշել հանցագործների ազգությունը:

Սոցիոլոգները նկատում են, որ օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ ռուսաստանցիների տեսակետները կիսվել են: Հարցվածների 35 տոկոսը համարում է, որ հանցագործների ազգային պատկանելությունը լրատվամիջոցը չպետք է նշի, եւս 31 տոկոսը պնդում է, որ իրավախախտների ազգությունը նշելու արգելքը որեւէ բանով արդարացված չէ: Հարցվածների մոտ մեկ երրորդը այս խնդրում դեռ վերջնականապես չի կողմնորոշվել:

Հանցագործների ազգային պատկանելությունը լրատվամիջոցներում նշելու արգելքը պաշտպանող ռուսաստանցիները հիմնականում իրենց տեսակետը հետեւյալ կերպ են պատճառաբանում. – «Հանցագործների ազգության վրա կենտրոնանալը կսրի իրավիճակը երկրում, կհանգեցնի զանգվածային անկարգությունների եւ կխթանի ազգայնական տրամադրությունների հետագա տարածումը»:

Արգելքին ընդդիմացողներն էլ համարում են, որ շարքային քաղաքացին իրավունք ունի տեղեկանալ, թե այս կամ այն իրավախախտում կատարած անձն ինչ ազգության ներկայացուցիչ է:

«Հարցվածներից շատերը նշել են, որ հանցագործի ազգությունը նշելը թույլ կտա խուսափել այս կամ այն ազգի ներկայացուցիչներից», – նկատում են հետազոտության հեղինակները:

ФОМ-ի մասնագետները նաեւ արձանագրել են, որ հանցագործների ազգությունը մամուլում նշելուն դեմ են բարձրագույն կրթությամբ, խոշոր քաղաքներում բնակվող եւ ազատական հայացքների տեր ռուսաստանցիները: Հակառակ տեսակետին են հակված ազգայնական հայացքների տեր ռուսաստանցիները, հատկապես` Վլադիմիր Ժիրնովսկու ընտրազանգվածը:

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031