Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում քաղաքապետի երկու թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել

Օգոստոս 15,2012 12:33

Արթիկն ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար ինքնառաջադրված 6 թեկնածուներից երկուսը`Մեսրոպ Բզնունին ու Հովակիմ Երիցյանը ինքնաբացարկ են հայտնել:

Հիշեցնենք, որ ընկեր Բզնունին դաշնակցական է, նախկինում աշխատել է հարկային տեսչությունում և ինչ-ինչ պատճառներով նրան հեռացրել են աշխատանքից: Արթիկցիների ասելով, նա նաև խնամիական կապերի մեջ է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ամենամոտ ընկերոջ` Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի հետ, չնայած տեղաբնակները նախկին ու ներկա քաղաքապետերի ընտրապայքարում նրան լուրջ մրցակից չէին էլ համարում: Հովակիմ Երիցյանն էլ Արթիկի մարզահամալիր տնօրենն է, ՀՀԿ-ական . նա իր թեկնածությունն առաջադրել էր փաստաթղթերի ընդունման ամենավերջին պահին ու փաստորեն ամենաառաջինը հայտնեց ինքնաբացարկ:

Այսպիսով Արթիկում մնացին չորս թեկնածուներ`գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ, դարձյալ ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը, նախկին փոխքաղաքապետ, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով այս պահին Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրենն է, և Արթիկի սոցապբաժնի պետ, դարձյալ ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը:

Ի դեպ, խոսակցություններ կային այն մասին, որ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանն ու սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանը հորեղբոր որդիներ են: Մենք այս տեղեկատվությունը փորձեցիքն ճշտել մարզպետարանի արթիկաբնակ պաշտոնյաներից մեկից` տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից, ով հավաստիացրեց, որ նրանք հարազատ հորեղբոր որդիներ չեն, այլ նույն գերդաստանից են, և Արթիկն այնքան փոքր է` բաղկացած մի քանի գերդաստաններից, որ ակամա բոլորն իրար բարեկամ են:

Արթիկցիների կանխատեսմամբ, այստեղ պայքարն ընթանալու է նախկին ու ներկա քաղաքապետերի միջև: Նշենք, որ երկուսն էլ ֆինանսապես հզոր մարդիկ են, երկուսի թիկունքում էլ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերն է, Վարագյան եղբայրներն էլ մոտ են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Մի խոսքով Արթիկում պայքարելու են 3 հանրապետականներ,և մեկ անկուսակցական: Արթիկցիների պնդմամբ, այս ընտրապայքարում երկրի նախագահի դաբրոն ստացել է Արթիկի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը:

Մենք ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ո՞ւմ է սատարելու կուսակցությունը այս երեք ինքնառաջադրված թեկնածուներից:Պարոն Մինասյանն փոխանցեց, որ մեր այս հարցին կարող է պատասխանել միայն կեսօրին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031