Միացյալ Նահանգներում այս շաբաթ մեկնարկում է դիմումների ընդունումը երիտասարդ անօրինական այն ներգաղթյալներից, ովքեր ցանկանում են գալիք երկու տարվա ընթացքում մնալ երկրում: Այս դիմումը ներկայացրած ներգաղթյալներին հնարավորություն կտրվի երկու տարվա ընթացքում աշխատել և սովորել՝ առանց վտարված լինելու մտավախության:
Ներգաղթի մասին ԱՄՆ-ի օրենսդրության մեջ նման փոփոխություն կատարելու մասին որոշումը երկու ամիս առաջ ընդունվել էր նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Սկսած չորեքշաբթի օրվանից, ծնողների հետ Միացյալ Նահանգներ ժամանած ավելի քան 800 հազար երիտասարդ երկրից վտարման հետաձգման իրավունք կստանան՝ այն պայմանով, որ նրանք կհամապատասխանեն որոշակի չափանիշների, օրինակ՝ ավագ դպրոց կավարտեն կամ ծառայություն կանցնեն Միացյալ Նահանգների զինված ուժերի շարքերում:
Նախագահ Օբաման արգելափակել էր երկրից իրականացվող վտարումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի կարողացել ընդունել ներգաղթի ոլորտում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու մասին որոշումը: Նախագահը նշել է, որ երիտասարդների իրավիճակը թեթևացնելն ու և նրանց հույս տալը «ճիշտ կլինի», քանի որ նրանցից շատերը Միացյալ Նահանգներում է անցկացրել գրեթե ամբողջ կյանքը և որևէ կապ չունի իրենց նախկին հայրենիքի հետ:
Կարդացեք նաև
Անօրինական ներգաղթն ԱՄՆ-ում վիճահարույց հարց է: Որոշ հաղորդագրությունների համաձայն, անօրինական ներգաղթյալները զբաղեցնում են այն աշխատատեղերը, որոնք կարող էին զբաղեցնել Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող աշխատողները: Երկրի կառավարությունն իր հերթին ստիպված է անօրինական ներգաղթյալներին սոցիալական օգնություն տրամադրելու վրա ծախսել այն գումարները, որոնք այլապես կարող էին օգտագործվել՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին օգնություն տրամադրելու նպատակով:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան