Հատված «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանի հարցազրույցից:
– Քանի որ նաեւ գործող լուսանկարիչ եք, աշխատանքի ընթացքում ի՞նչ կարգի խնդիրներ ու խոչընդոտների առաջ եք կանգնում:
– Խոչընդոտներ միշտ լինում են, ասենք թե ուզում ես մեկին նկարել, բայց ինքը չի ուզում նկարվի, կամ պայմանները լավ չեն, լինում է, որ անհիմն արգելում են նկարել։ Բայց այդքանով հանդերձ, արտասահմանի լուսանկարիչները շատ ավելի դժվար պայմաններում են աշխատում, ուղղակի մեզ մոտ այդ արգելողները, խոչընդոտ ստեղծողները քանի որ պրոֆեսիոնալ չեն, այդ գործից բան չեն հասկանում, ուղղակի ասում են՝ չէ, առանց հիմնավորելու՝ ինչո՞ւ չէ. սա է վատը։ Ամենաթարմ օրինակը բերեմ, հիմա մեզ մոտ որոշում են կայացրել, որ Հանրապետական ստադիոն չի կարելի մտցնել պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ: Ես, հասկանալի է, հավատարմագրվելով՝ կարող եմ նկարել, բայց կարող է ես ընդամենը երկրպագու եմ, եկել եմ ֆուտբոլ նայելու եւ ուզում եմ նկարել, ո՞ւմ եմ խանգարում, ինչո՞ւ եք արգելել: Այսպիսի խոչընդոտներն են, որ մարդուն նյարդայնացնում են:
– Իսկ մեր պաշտոնյաների մեջ ովքե՞ր են, որ չեն սիրում, երբ իրենց լուսանկարում եք։
Կարդացեք նաև
– Կան մարդիկ, որ չեն սիրում լուսանկարվել, ու նրանց հետ մեկ-երկու շփումից հետո հասկանում ես դա, օրինակ, մեր երեք նախագահներն էլ առանձնապես չէին սիրում լուսանկարվել, Լեւոնի ժամանակ ներքին կարգով հրահանգ էր եկել, որ իր դեմքի հետ կապված միայն մի կողմից պիտի նկարեք, հետո Քոչարյանը եկավ, ու սկզբնական շրջանում ինքն էլ բացարձակ չէր սիրում նկարվել, Սերժ Սարգսյանն էլ «վսպիշկայով» նկարվել չի սիրում, որովհետեւ լինզաներ է դնում, ու, կարծում եմ, դա է պատճառը։ Գեներալ Սեյրան Սարոյանին էլ որ փորձես նկարել, ու ինքը տեսնի դա, շատ անախորժ իրավիճակ կարող է լինել։ Այդ առումով շատերին վտանգավոր է նկարել, չնայած մենք ելքը գտնում ենք՝ տելեվիկով հեռվից նկարում ենք։ Հետո այսպիսի բան էլ կա, օրինակ, մի քանի տարի առաջ ոստիկանները բացարձակապես չէին թողնում նկարել, հիմա դեռ մի բան էլ իրենք են օգնում, ասում են՝ արի-նկարի, իսկ էդ ամեն ինչը գալիս է հրամանով, հիմա իրանց հրաման է տրված, որ թողնեն նկարեն, կարող է մի օր հրաման տան-ասեն՝ ով նկարեց, միանգամից փակեք կամ ապարատը ջարդեք։ Այդպես նախորդ ընտրությունների ժամանակ քանի՜ հատ ապարատ ջարդվեց, իսկ դա հրաման էր։
– Ի՞նչ միջոցառումներ են եղել, որոնց ժամանակ կտրականապես արգելել են լոաանկարել։
– Նախագահական երդման արարողությունները, այսքան ժամանակ ես միայն նկարել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի 96թ. երդման արարողությունը, դրանից հետո հավատարմագրում են, տանում-մտցնում են մի սենյակ, հեռուստացույցը միացնում են ու ասում են՝ նայեք-նկարեք։ Այդպես եւ Ռոբերտ
Քոչարյանի ժամանակ էր, եւ Սերժ Սարգսյանի, իսկ դա ուղղակի աբսուրդ է. հենա տանը կնստեմ ու հեռուստացույցից կնկարեմ։ Հետո համերգներ են լինում, որ կտրականապես արգելում են նկարելը, կամ հայտնի մարդիկ են գալիս՝ ուզում ես լոաանկարել, ասում են՝ չէ, մենք լուսանկարիչ ունենք, հա, էլի թող ձեզ համար լուսանկարի, բայց ես օրվա լուր եմ տալիս։ Եղել է անգամ, որ ասել են՝ արի-ինձ նկարի, որ երբ ինձնից ֆոտո ուզեն, լավը տամ։ Կին պատգամավորներ կան, որ կարող է զանգեն-ասեն՝ ինչի՞ ես վատ ֆոտո դրել, բայց ես երբեք չեմ ուզի, մանավանդ կնոջ, վատ ֆոտո տամ։ Մի անգամ հանդեսներից մեկը Հրանուշ Հակոբյանի ֆոտոն մոնտաժ էր արել ու սիգարետը բերանը տպել, բայց կողքի գրած «ֆոտոլուրը» թողել էին, Հրանուշն էլ զանգեց, թե՝ Մելիք, էս ի՞նչ ես արել…: Մի ուրիշ անգամ էլ Արտաշես Գեղամյանը զանգեց ու հեռախոսի միջից բարձր-բարձր, թե բերանս ծուռ՝ նկարս դրել ես «Առավոտում», առաջին էջ, ու մի ժամ ա՝ կանգնել եմ հայելու առաջ, բերանս չեմ կարում տենց ծռել, ֆոտոշոպով ես արել։ Բայց դա իմ սկզբունքներից դուրս է եւ հակասում է լրատվական օրենքին:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»