Լրահոս
Օրվա լրահոսը

«1996 թվականին, այդ դժվարին ժամանակաշրջանում օլիմպիական չեմպիոն ենք տվել, իսկ այժմ այս լուսավոր եւ բարգավաճ ժամանակաշրջանում չունենք օլիմպիական չեմպիոն»

Օգոստոս 15,2012 11:08

1996 թվականին Հայաստանն առաջին անգամ, առանձին, սեփական դրոշի ներքո մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին, եւ մեր երկու մարզիկներն արժանացան օլիմպիական մեդալների։ Արմեն Նազարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտում նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ, իսկ Արմեն Մկրտչյանն ազատ ոճի ըմբշամարտում արժանացավ արծաթե

մեդալի։ Այդ նույն 96-ի՝ 26-րդ ամառային օլիմպիադայից վրաց մարզիկները վերադարձան 2 բրոնզե մեդալներով, իսկ Ադրբեջանը՝ 1 արծաթով։ Ինչպես տեսնում ենք, 96-ին Հայաստանը զգալիորեն գերազանցեց իր երկու անդրկովկասյան հարեւաններին։ 1996-ից հետո մեր մարզական ցուցանիշները, հատկապես օլիմպիական մարզաձեւերում, միշտ ավելի վատն են եղել, քան մեր երկու հարեւաններինը։ Օրինակ, 2008-ի օլիմպիական խաղերից Հայաստանը վերադարձավ 6 բրոնզե մեդալով, իսկ Վրաստանը՝ 3 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներով։ Ադրբեջանը նույնպես ոսկի նվաճեց 2008-ի օլիմպիադայում, նաեւ 2 արծաթ եւ 4 բրոնզ։ Այժմ արդեն՝ 2012-ին, Հայաստանի մարզական ցուցանիշները նույնպես զիջում են եւ Ադրբեջանին, եւ Վրաստանին։ Այս ցուցանիշներն անհերքելի փաստեր են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ֆիքսված, եւ հարկավոր է եզրակացություններ անել այս ամենից, ոչ թե փորձել մեղադրել քննադատողներին։ Սպորտը շատ կոնկրետ ոլորտ է, որտեղ կան կոնկրետ օրենքներ, կոնկրետ ցուցանիշներ եւ կոնկրետ նորմեր, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում։

Այս օրերին, երբ բոլոր երկրներում մարզական վերլուծություններ են անում, բուռն քննարկումներ են ընթանում, փորձում են հասկանալ իրենց սխալները, բացթողումները եւ այդ ամենը՝ իհարկե զուտ մարզական ֆոնի վրա։ Մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպես եւ սպասելի էր, կրկին փորձում են ամեն ինչ շեղել, քաղաքականացնել եւ այլ երանգ տալ։ Մի խոսքով, այն, ինչ գործով չի հաջողվում, փորձում են խոսքով լրացնել։

Ակամայից հարց է առաջանում, եթե կարելի է նման հարցերին այսպիսի տրամաբանությամբ մոտենալ եւ նման մեթոդներով գործել՝ խոսքերով եւ փիառով ամեն ինչ փորձել շտկել, էլ ինչո՞ւ մարզիկներ պատրաստել, եւ ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի օլիմպիադային մասնակցելը։ Կարելի էր ուղղակի մարզիկներ չուղարկել Լոնդոն եւ դա պատճառաբանել, օրինակ այսպես, որ քանի դեռ աշխարհը չի ընդունել Ղարաբաղի անկախությունը, չենք մասնակցում օլիմպիական խաղերին։ Այդ ամենին կարելի էր վերջում նաեւ ավելացնել, որ եթե մեր մարզիկները հասնեին Լոնդոն, նրանք այնտեղից կվերադառնային առնվազն երկու տասնյակ օլիմպիական մեդալներով։ Կարելի է, իհարկե, նման անհեթեթություններով անվերջ կերակրել հանրությանը եւ խոսել ամեն ինչից, բացի սպորտից եւ փաստերից, իսկ փաստն այն է, որ 1996 թվականին, այդ դժվարին ժամանակաշրջանում օլիմպիական չեմպիոն ենք տվել, իսկ այժմ այս լուսավոր եւ բարգավաճ ժամանակաշրջանում, չգիտես ինչու, չունենք օլիմպիական չեմպիոն, իսկ ահա, օրինակ, մեր անդրկովկասյան հարեւանների մոտ իրավիճակը ճիշտ հակառակն է, այն ծանր ժամանակներում չունեին մարզական լուրջ հաջողություններ, հետո հետզհետե զարգացրին իրենց ադյունքները եւ տվեցին օլիմպիական չեմպիոններ։

Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031