Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսեք, թե ինչպիսի ողբալի վիճակ է ընդդիմությունում, որ նրանց միասնական թեկնածուով հանդես գալը պետք է կախված լինի մեր կարծիքով իշխանական մի թեւի որոշումից»

Օգոստոս 15,2012 11:01

Այս ամառ ավելի երեւաց այն իրողությունը, որ մեր քաղաքական դաշտը դատարկվել է, ու առնվազն այն լցնելու կարիք կա: Քաղաքականություն բառի տակ հասկացվում է ամեն տեսակ տրյուկ, բայց ոչ իրական քաղաքական կեցվածք: Կամաց-կամաց տրաքեցին բոլոր քաղաքական տրյուկների բոլոր փուչիկները: Ու գուցե դրանով է պայմանավորված նորից գլուխ բարձրացրած խոսակցությունը` երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին, որոնք պտտվում են ՀԱԿ-ից հեռացած մարդկանց` Արամ Սարգսյանի, Դավիթ Շահնազարյանի եւ «Ազատ դեմոկրատներից» հեռացած Արարատ Զուրաբյանի եւ մի խումբ այլ անձանց անունների շուրջը: Ու իսկապես` մեր հանրությունը պետք է նոր դեմքեր գտնի իր միջից կամաց-կամաց փակելու քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի պարապը, քանի որ ընդդիմությունն է զարգացման գեներատորը:

Մի ուրիշ խոսակցություն էր ամռան սկզբին արծարծվող ու մեր կարծիքով շատ արհեստական թեմայով` արդյո՞ք փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով: Ու այս խոսակցությունը նորից գալիս-հանգում էր նրան, թե ինչպե՞ս իրեն կպահի ԲՀԿ-ն` արդյոք հանդես կգա իր թեկնածուով, թե՞ կպաշտպանի Սերժ Սարգսյանին: Տեսեք, թե ինչպիսի ողբալի վիճակ է ընդդիմությունում, որ նրանց միասնական թեկնածուով հանդես գալը պետք է կախված լինի մեր կարծիքով իշխանական մի թեւի որոշումից, ահա այսպիսի ամայություն է, ուրեմն, ընդդիմադիր դաշտում: Բացի դրանից` այս խոսակցությունն ընդհանրապես արհեստական է: Ի՞նչ միասնական թեկնածու, արդյոք վերջին խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը միավորվե՞ց կամ հանդես եկա՞վ միասնաբար: Ուրեմն ինչո՞ւ պիտի դա տեղի ունենա մի քանի ամիս հետո: Ի՞նչն է փոխվել դրանից հետո: Բացի դրանից` այս ընտրություններում քաղաքական ստատուս քվոն չի փոխվել: Իսկ ընդդիմություն, կարելի է ասել, չի մնացել: Մի պարզեք ո՞վ է, իսկապես ընդդիմությունը, ու հետո նոր խոսեք միասնական թեկնածուից: Թե չէ` ծիծաղելի է: Իսկ ընդհանրապես` կարծում ենք Հայաստանում ընդդիմությունը լայն առումով իր լիազորությունն ավարտեց խորհրդարան մտնելով: Մեզ հարկավոր է նոր եւ իսկապես քաղաքական ընդդիմություն, որը գուցե եւ կարողանա օրակարգ թելադրել, բայց դա միայն տեղի կունենա հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Լավ է դա, թե վատ` սա այլ խոսակցություն է, բայց քաղաքական ստատուս քվոն վերստին վերահաստատվել է խորհրդարանական ընտրություններում («ինչպեսի» մասին «Ազգը» գրել է, խոսքը դրա մասին չէ, այլ դե ֆակտո վիճակի), նույնն է լինելու նաեւ նախագահական ընտրություններին: Իսկ եթե հասարակությունը պահանջում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա նա պետք է իրական քաղաքական ընդդիմություն ձեւավորի` փոփոխությունների օրակարգով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031