Ինչպես հաղորդել էինք, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Ծաղկաձոր և հանդիպեց «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
Ողջույնի խոսքից հետո նախարարը պատասխանեց բազեականներին հուզող մի շարք հարցերի: Մասնակիցների կողմից առաջարկություն եղավ, որպեսզի հավաքին մասնակցեն նաև ՀՀ զինված ուժերի ջոկատներից: Առաջարկին ի պատասխան` Սեյրան Օհանյանն ասաց. «Իհարկե, դա հնարավոր է: Բացի այդ` յուրաքանչյուր հավաքին մասնակցում են նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները: Մյուս կողմից` հայ տղամարդկանցից յուրաքանչյուրը Հայոց բանակի ներկայացուցիչ է»:
Սկաուտական շարժման ներկայացուցչին հետաքրքրում էր, թե արդյոք արցախյան պատերազմի ընթացքում Շահումյանի հանձնումը հետապնդո՞ւմ էր քաղաքական նպատակներ: Խնդրի շուրջ պարոն Օհանյանը նշեց, որ նման հարցերը պարունակում են որոշակի գաղտնիքներ. «Շահումյանի հանձնումը ցավալի հարց է: ՀՀ զինված ուժերն ունեն 20-ամյա պատմություն, որի ակունքները ձևավորել են ոչ միայն կանոնավոր ստորաբաժանումները, այլև` կամավորական ջոկատները: Վերջիններիս կառավարման ոչ հմուտ քայլերն են եղել պատճառը, որ արցախյան գոյապայքարի ժամանակ ունեցել ենք որոշակի անհաջողություներ: Շահումյանի անկումը նույնպես կարելի է համարել անհաջողություն»: Նախարարը միաժամանակ նշեց, որ Շահումյանի անկման ընթացքում երիտասարդ ջոկատները շրջապատված էին մեծ քանակությամբ ադրբեջանական ստորաբաժանումներով. «Հետևաբար, պաշտպանությունն իրականացնելը դժվար էր: Փոխարենը` այժմ մենք ունենք մարտունակ բանակ: Որքան էլ Ադրբեջանի հռետորաբանությունը հանգեցնի նրան, թե արցախյան հակամարտությունը լուծվելու է ռազմական ճանապարհով, ասեմ, որ դա արդեն իսկ տեղի է ունեցել: Մնում է դիվանագիտական քայլերի միջոցով ամրագրել այդ ամենը»:
Ուսանողներից մեկը ցանկություն հայտնեց, որ ՀՀ զինված ուժերում ներդրվեն հայկական էթնիկ ռազմապարերը: Սեյրան Օհանյանն առաջարկն անհրաժեշտություն համարեց. «Ռազմական կրթությունից զատ, զինվորները պետք է ծանոթ լինեն նաև մեր ազգային ավանդույթներին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ