Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Հովհաննիսյանը` ամբաստանյալներին. «Լռեք ու գնացեք Գագիկ Ուդումյանի եւ Միշա Գաբրիելյանի տեղը նստեք»

Օգոստոս 14,2012 23:11

Արտակ  Նազարյանի մահվան գործով  դատավարության օգոստոսի 14-ի նիստում շարունակեց ցուցմունք տալ տուժողի իրավահաջորդ  Ծովինար Նազարյանը: Նա անդրադարձավ քրեական գործով նախկին քննիչ Սարգիս Մադաթյանի «հերոսություններին», թե ինչպես նա,  իրենց տուն գալով, ամեն կերպ խուսափել է  պատասխանել այն հարցին, թե իրենք ո՞ր ժամին են հասել հենակետ` դեպքի վայր:

Ծովինար Նազարյանն ասաց, որ  Արտակի մարմինը շատ վատ վիճակում էր, այն իրենց աչքի առաջ  ուռում եւ քայքայվում էր, իրենց  ասել էին, թե  բժիշկն արգելել է մարմնին ձեռք տալ, որ հպումից կարող է  հանգուցյալի մաշկը պոկվել:  Ծովինարի վկայությամբ`Արտակի ձեռքերը դագաղի մեջ ամրակներով ամրացված էին, որ իրենք պոկել են դրանք եւ տեսել, որ նրա  ձեռքերը չորացել են: Ծովինար Նազարյանի խոսքերով` դա վկայում է, որ Ա. Նազարյանի սպանությունն  ավելի վաղ է տեղի ունեցել,  գործով քննիչները դեպքի վայր իրենց ժամանման տարբեր ժամեր են նշել, որպեսզի  քրեական գործը կոծկեն: Քննիչ Մադաթյանը Նազարյանների տանն ասել է, որ դեպքի զննության ժամանակ ինքը ձեռնոցներ չի տարել, որ իր մատնահետքերն  են Արտակի ինքնաձիգի վրա, մինչդեռ  այժմ  ինքնաձիգի վրա  մատնահետք չկա:   Ծովինար Նազարյանն ասաց, որ Արտակն  իր հորը` Սինար  Նազարյանին ասել է` «զամպալիտն ու գումարտակի հրամանատարը ետեւիցս են ընկել»:

Տուժողի իրավահաջորդը   դատարանում հայտարարեց, որ 2010թ. օգոստոսին քննիչ Ս. Մադաթյանն իրենց հրավիրել է ծանոթանալու  գործով նշանակված փորձաքննության արդյունքներին, որ այն ժամանակ Արտակի գլխարկի վրա արյան հետքեր չկային: Սակայն մի տարի անց գործով նոր քննիչ Լեւոն Պետրոսյանը  Նազարյանին հանձնել է նախաքննության նյութերը, որտեղ լուսանկարում Արտակի գլխարկն արյունոտ է: Ծովինար Նազարյանը համոզմունք հայտնեց,  իր եղբոր սպանությունն այլ տեղ է կատարվել,  դրանից հետո դիակը տեղափոխվել է ժայռաբեկորի մոտ, Արտակը  չէր կարող բազմաթիվ վնասվածքներով բարձրանալ 300մ` ժայռաբեկորի մոտ:

Ծովինարն անդրադարձավ  գրությանը, ուր  Արտակ Նազարյանն  իբր գրել է ինքնասպանություն կատարելու պատճառների մասին: Ծովինարը հայտարարեց, որ դա Արտակը չի գրել,  ձեռագիրը նմանեցված է, Արտակը  չէր կարող «դաստիարակություն» բառը գրել առանց «ա»-ի` «դաստիրակություն»: Բնութագրելով եղբոր մարդկային կերպարը` Ծովինարն  ասաց, որ նա երբեք կաշառք չէր վերցնի եւ կաշառք չէր տա, որ կամքով ուժեղ էր:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին` Ծ. Նազարյանն ասաց, որ եղբայրը ոգելից խմիչքներ չէր  օգտագործում,  նա մանուկ հասակում դեղնախտ էր տարել,  հավատացյալ լինելով` Արտակը  սթրեսը կհաղթահարեր աղոթելով: Նշենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ` Արտակի արյան մեջ ալկոհոլ է  հայտնաբերվել:

Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, որպես վկա ցուցմունք տալով,  ասաց, որ  Արտակը  զինվորներին շատ էր սիրում, նա   իրենից պատմության դասագրքեր եւ քարտեզներ է խնդրել, որպեսզի զինվորներին սովորեցնի հայոց պատմություն: Մոր խոսքերով` եթե  Արտակը կամենար ինքնասպան լինել, կկանգներ ժայռաբեկորի մոտ եւ  իսկույն  կխոցվեր ադրբեջանական հենակետերի կրակից: Հասմիկ Հովհաննիսյանի համոզմամբ` Արտակին  սպանողները 3 կամ 4 հոգի են եղել, այդ գործում իրական մեղավորները դատարանի դահլիճում չեն:  Տիկին Հասմիկը  նրանց թվում նշեց վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի եւ գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանի անունները: «Լռեք ու գնացեք  Ուդումյանի եւ Միշա Գաբրիելյանի փոխարեն նստեք»,-ամբաստանյալ զինծառայողներին ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031