Այս տարվա 2 եռամսյակի տվյալներով Լոռու մարզպետարան դիմումներն ու գանգատներն են ներկայացրել 698 քաղաքացիներ` մեծամասամբ հույս ունենալով լուծված տեսնել աշխատանքի ու աշխատավարձի, ինչպես նաեւ սոցիալական ապահովության ու նպաստի, առողջության, տնակի ու բնակարանային պայմանների լավացման հետ կապված խնդիրները:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Սամվել Մակարյանի համոզմամբ` մարդկանց` նման խնդիրներով դիմելիության բարձր աստիճանը տարբեր պատճառներ ունի: «Օրինակ, առողջության հետ կապված խնդիրներով դիմողները հիմնականում սոցիալապես անապահով են, եւ դիմում են պետպատվերով բուժվելու միջնորդության խնդրանքով: Տնակների հարցերով դիմողները հիմանականում երկրաշարժից անօթեւան մնացածներն են, ում դիմումներն ուղղված են պարզաբանումներ ստանալուն, ինչպես նաեւ հերթացուցակներում ընդգրկվել-չընդգրկվելուն»- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ս. Մակարյանը:
Նրա դիտարկմամբ` դիմողների շուրջ կեսը մարզկենտրոն Վանաձորից է, ինչը, ըստ Մակարյանի, քաղաքային բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձր լինելով է պայմանավորված:
Մարդկանց հուզող խնդիրները տարբերվում են նաեւ իրենց բնույթով` ըստ բնակության վայրերի. «Գյուղաբնակների եւ քաղաքաբնակների դիմում-բողոքները իրարից տարբերվում են բնույթով: Քաղաքային համայնքներից հիմնականում դիմում են սեփականաշնորհման կամ աշխատանքի ու աշխատավարձի խնդիրներով, իսկ գյուղաբնակները` բնակարանային կամ հողամասի հարցերով»:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
14.08.12