Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արեգ Գեւորգյան. «Շինծու մեղադրանք է և սարքած ապացույցներ»

Օգոստոս 14,2012 17:39

Երեկ ՀԱԿ ակտիվիստ-երիտասարդները հայտարարություն էին տարածել, որտեղ անդրադարձել էին նախորդ տարվա օգոստոսի 9-ի հայտնի իրադարձություններից մոտ մեկ տարի անց,  ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի՝ 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու հարցին: Երիտասարդները պնդում են, որ  նույն ապացույցների հիման վրա իրենցից երեքը արդարացվել են, իսկ մյուս չորսը դատապարտվել ազատազրկման: Ուստի ըստ հայտարարության՝ դատավճիռը ձևակերպվել է Բաղրամյան 26-ում:

Aravot.am-ը զրուցեց արդարացված ակտիվիստներից Արեգ Գևորգյանի հետ: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց. «Հայտարարության տարածումն առաջին հերթին այն փաստի արձանագրումն է, որ կա ընդհանուր շինծու մեղադրանք, սարքած ապացույցներ, որոնց հիման վրա երեք երիտասարդներ արդարացված են, իսկ չորսը դատապարտված ազատազրկման: Մենք ի սկզբանե համոզված ենք եղել, որ այս գործունեությունը քաղաքական ենթատեքստ ունի,  սակայն դատախազության, ՀՔԾ-ի այս վերջին որոշումն էլ ավելի է խորացնում այն համոզմունքը, որ որոշում կայացնող մարմինները և նրանց ուղղորդողները, այսինքն՝ իշխանությունը, չեն առաջնորդվում իրավական տրամաբանությամբ, այլ առաջ են գնում քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությամբ: Իրենց համար մեր մեղավորությունը և անմեղությունը չէ կարևոր, այլ առաջնահերթ քաղաքական կոնկրետ խնդիրները»:

Արդարացված երիտասարդները՝ Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը Վերաքննիչ դատարանում փորձելու են ապացուցել, որ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն անօրինական է: Ա. Գևորգյանը մանրամասնեց. «Մենք երեքս արդեն դիմել ենք իրավապահներին, ՀՔԾ-ին բողոքով, որ մեր գործը, որը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով, կարճվի ոչ թե այդ հիմքով, այլ հանցակազմի բացակայության հիմքով»:

Մեր զրուցակիցը նշեց, որ այսպիսի գործողություններով իշխանություններն ուզում են ճնշել իրենց քաղաքական ակտիվությունը: Այնինչ Ա. Գևորգյանը նշեց. «Սակայն ավելի են խորացնելու Հայաստանում լարվածությունը և անարդարության մթնոլորտը»:

Հետաքրքրվեցինք՝ նախագահական ընտրությունների նախաշեմին այս գործով որոշ նոր զարգացումներ սպասո՞ւմ են: Ա. Գևորգյանը պատասխանեց. «Այս իշխանություններից ակնկալիքներ չունենք: Մենք ուզում ենք, որ մեր ընկերներին ազատ արձակեն, կապ չունի, թե ինչ տրամաբանությամբ, միայն թե ազատ արձակեն: Բայց իշխանությունները մեր ընկերներին ազատ արձակեն, թե ոչ, միևնույն է որևէ մեկի համար կասկած չի հարուցում այն, որ այս իշխանությունները հանցագործ բնույթի են և նրանց գոյության պայմաններում հնարավոր չէ արդարության վերականգնում ՀՀ-ում»:

Մեր հարցին՝ արդյոք իշխանափոխության հույսեր ունե՞ն, ՀԱԿ ակտիվիստը պատասխանեց. «Ոչ միայն հույսեր ունենք, այլ ամեն ինչ անելու ենք, որ իշխանափոխությունը կայանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031