Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը ծնողի երեխան է, բանակի` տղամարդ-զինվորը, ազգի` պաշտպանը

Օգոստոս 14,2012 17:28

Հակոբյանների տոհմում յոթ եղբայրներ են: Նրանք միասին ունեն տասը տղա: Վերջինին այս զորակոչին բանակ ճանապարհեցին. «Մեր տանը միշտ եղել է այն գաղափարը, որ տղան պետք է ծառայի, քանի որ մենք եղբայրներով բոլորս էլ ծառայել ենք բանակում»,- ասում է Յուրա Հակոբյանը: Այս ընտանիքը Գորիսից է: Նորակոչիկ Վահե Հակոբյանի ծնողները պատմում են, որ տղային բանակ տանելիս հաշվի են առել բնակության վայրը, գիտելիքները, ֆիզիկական ու մտավոր կարողությունները: «Դպրոցից հետո ոչ մի բուհ չի դիմել: Որոշեց ծառայել-վերջացնել, հետո ընդունվել»,- ասում է Վահեի մայրը՝ տիկին Մելանյան: Վահեի 2 քույրերը պատմում են, որ չնայած դեռ մեկ ամիս է, ինչ եղբայրը ծառայում է բանակում, սակայն այս ընթացքում այնքան է ոգևորել իրենց, որ նրանք էլ մեծ հաճույքով կծառայեին հայկական բանակում. «Ինչքան խոսել ենք, ոչ մի անգամ չի դժգոհել: Դե, պարզ է, որ սկզբնական շրջանում գուցե և փոքր դժվարություններ եղած լինեն, բայց մեզ հետ խոսելիս միայն ոգևորված ձայն ենք լսել: Առաջին օրերին, մեզ ասում էր՝ մենակ տեսնեք, ոնց ա համազգեստը սազում ինձ»,- պատմում են քույրերը:

Վահեի հարազատները դեռ Գորիսի զինկոմիսարիատում՝ որդուն բանակ ճանապարհելու օրը՝ տեսել ու զգացել են սպաների ուշադրությունը նորակոչիկների նկատմամբ. «Գորիսից Երևան ուղեկցող երկու մայորներն էլ շատ ուշադիր էին երեխեքին, էտ մեզ շատ դուր եկավ: Ու հենց առաջին պահից վստահություն առաջացավ»: Վստահությունն ամրապդնվեց, երբ երդման արարողությանը նույնքան մեծ ուշադրություն ծնողները տեսան Էջմիածնի զորամասերից մեկում (այստեղ է ծառայությունն անցկացնում շարքային Վահե Հակոբյանը): «Երդման արարողությունից շատ գոհ ենք: Մեր հարազատներից շատերն էին եկել մեզ հետ ու բոլորն էլ հիացած էին կազմակերպվածությունից: Մինչ բուն միջոցառումը սկսելը նախ մեզ՝ ծնողներիս ծանոթացրին զորամասին, թե որտեղ են ծառայում մեր երեխաները, ինչ պայմաններում: Երդման արարողության ընթացքում էլ հնարավորություն ունեինք մոտիկից լսել մեր զինվոր-տղաների երդումը: Զորամասի ղեկավար կազմը շատ ուշադիր էր թե՜ մեր, թե՜ մեր երեխեքի նկատմամբ»,- ասում է Վահեի հայրը, իսկ մայրն էլ ավելացնում է. «Տպավորությունն այնքան լավ էր, որ երեխուս հանգիստ սրտով թողեցի իրենց մոտ ու եկա»:

Որդուն զինվորական համազգեստով տեսնելուց ու հայ սպայի հոգատար վերաբերմունքից ոգևորված են ոչ միայն Հակոբյանների ընտանիքում: Զորակոչի ողջ ընթացքում պաշտպանության նախարարությունը ստացել է մեծ թվով նամակներ, որտեղ նորակոչիկների ծողներն իրենց շնորհակալության ու երախտիքի խոսքն են հղում մեր բանակին, նրա սպայական ու հրամանատարական կազմին: Իսկ այս ամենն իրականություն է շնորհիվ մեր ռազմական գերատեսչության հաջողված, կազմակերպված, համակարգային աշխատանքի, որի հիմնական մասը կազմում են 18-22 տարեկան ժամկետային զինծառայողները` զինվորները` մեր երեխաները: Այո, մեր երեխաները: Ահա այսպես ենք մենք վերաբերվում մեր անվտանգության առաջնային երաշխավորին` զինվորին: Ինչ խոսք, եթե խնդրին նայենք զգացմունքային հարթության վրա, ապա իրոք դժվար է ծնողին բացատրել, որ քո և մնացած բոլորի պաշտպանների շնորհիվ և երբեմն էլ զոհաբերությամբ է միայն, որ մենք` հայերս, կարող ենք շարունակել ապրել, հարատևել և գոյակցել մնացածի հետ: Չափազանց դժվար է նման խոսքեր ասել մի ծնողի, ով արդեն իսկ կորցրել է իր զավակին հանուն մեր հայրենիքի, որովհետև նա սկզբում չի կարող հասկանալ և դեռ մի բան էլ կարող է երբեք չհասկանալ: Սա անհերքելի փաստ է` աքսիոմա: Ինչ վերաբերում է այն ծնողին, որը նոր պետք է ուղարկի իր որդուն բանակ, նա էլ նույն զգացմունքայնության շղարշի տակ չի հասկանում, թե իր զավակը ինչ ազգային արժեք է մնացածի համար և նայում է նրան զուտ որպես իր` տարիներ շարունակ մեծացրած երեխայի: Իսկ հիմա, չվիրավորելով որևէ մեկի զգացմունքները, խնդրին փորձենք մոտենալ սառը դատողությամբ:

Մեզ հետ չեն կռվում երկու պատճառով

Մեր զինվորն այսօր, բառի բուն իմաստով, զսպում է մեր ուղղակի թշնամի Ադրբեջանին՝ զերծ մնալ հայկական երկու հանրապետությունների հանդեպ ուժի կիրառումից, իսկ ավելի հստակ` լայնամասշտաբ ռազմական գործողություններից: Գուցե, կարող է առաջին հայացքից զարմանալի թվալ, որ Ադրբեջանը բացի Արցախից ուրիշ հավակնություններ էլ ունի, բայց հարկ է նշել, որ Ադրբեջանը` հանձին ամբողջ թյուրքական աշխարհի, միշտ էլ ձգտել է գրավել Զանգեզուրը` մեր ներկայիս Սյունիքը` միավորելու թյուրքալեզու ժողովուրդներին: Այսինքն, եթե մեր բանակը թույլ լինի, և ստիպված լինենք գնալ որևէ զիջման ԼՂՀ-ի հարցում, ապա դա կդիտվի որպես թուլության դրսևորում և կհանգեցնի Հայաստանի լիակատար ոչնչացմանը:

Ադրբեջանը կանոնավոր կերպով ի լուր աշխարհի հայտարարում է, որ պատրաստ է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով, պարզապես «հարգելով» միջազգային հանրությանը, ընթացող բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինկի Խմբի համանախագահների միջնորդությամբ, և ի վերջո գտնվելով չափազանց «մարդասեր»` չի ուզում հարցը լուծել արյունահեղությամբ: Սա տարրական բլեֆ է, որն ուղղված է սեփական ժողովրդին հանգստացնելու, պարտվածի բարդույթից ազատելու, փրկելու Ալիևի դեմքը՝ որպես «հաջողակ առաջնորդի»: Բանն այն է, որ մեր անարխիայով պատված աշխարհում նման ճշմարտություն և արդարություն չկա. ով ուժեղ է նա էլ ճիշտ է, կամ էլ ինչպես Նժդեհն է ասում. «Ուժն է ծնում իրավունք»: Եթե ադրբեջանցիներն իսկապես կարողանային մեզ հետ կռվել, ապա նրանք մեզ հաստատ չէին խնայի: Ինչ միջազգաին հանրություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ, բանակցությունների մասին է խոսքը: Ինչպես իրենք են սիրում պնդել. «Ադրբեջանի հողերն օկուպացվել են», իսկ օկուպացիան հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Միթե Ադրբեջանը բարոյական իրավունք չունի «ազատագրելու» իր հողերը ստեղծված իրավիճակում: Իհարկե ունի: Պարզապես նա դրան չի դիմում, որոհետև կա երկու հիմնական պատճառ` 1-ին ԼՂՀ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային իրավունքի շրջանակներում, այն է Ազգերի ինքնորոշման իրավունքը և 2-րդ` նույնիսկ եթե միջազգային իրավունքի խախտում լիներ, Ադրբեջանը պարզապես ի զորու չէ հաղթաել մեր զինվորին: Ոչ մի դեպքում չպետք է և չենք էլ կարող, իհարկե, թերագնահատել զորքի մնացյալ մասը` մեր հետախույզներին, պայմանագրային զինծառայողներին, հատուկ նշանակության ուժերին… Սակայն փաստը մնում է փաստ, որ բանակի կորիզը զինվորն է, առաջին գծում ամենօրյա մարտական հերթապահություն իրակնացնողը՝ կրկին մեր զինվորն է:

Մեր հասարակությունը` հանձին մեր ծնողների չպետք է փորձի ակամայից ոչնչացնել այն ոգին և մարտունակությունը, որն ունի մեր Հայոց բանակը: Պետք է փորձել գիտակցական մակարդակում հասկանալ որտեղ է սկսվում երեխայի և զինվորի տարանջատումը: Ասվեց գիտակցական մակարդակում, որովհետև զգացմունքային հարթակում երեխան ծնողի համար միշտ էլ եղել է և կմնա երեխա, իսկ գիտակցականում՝ զինվորը ծնողի երեխան է, բանակի` տղամարդ-զինվորը, ազգի` պաշտպանը:

Էրիկ Երիցյան

Տարոն Կոխլիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031