«Սիրիայում տիրող վիճակն արևմտյան հայտնի լրատվամիջոցները, ինչպես նաև արաբական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ խիստ խեղաթյուրումներով մատուցեցին ամբողջ աշխարհին: Իրականության և մամուլով տարածվող տեղեկատվության միջև հսկայակական տարբերություն է: Այսպիսով կարող ենք ասել՝ Սիրիայում տեղի ունեցող պատերազմը նաև լրատվական է»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Մելանքթոն և Հայկ Արսլանեան» ճեմարանի տնօրեն Տիգրան Ճինպաշյանը:
Ըստ նրա՝ Սիրիայում տիրող ներքին անապահով կացության պատկերն ստեղծեցին հենց լրատվամիջոցները. «Գրում էին, թե արդեն կռիվներ են տեղի ունենում Հալեպի կենտրոնում, մինչդեռ կենտրոնից վերև հայկական թաղամաս գոյություն ունի, որտեղ ունենք եկեղեցի, բազմաթիվ դպրոցներ: Այդ հատվածն ամբողջովին խաղաղ էր: Կամ՝ Իրաքում երկու տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ սպանդի լուսանկարները մատուցվում էին որպես Սիրիայում կատարված՝ մեկնաբանելով, թե տեսեք սիրիական պետությունը սպանդ է կազմակերպել: Սա պատերազմի սովորական միջոց է»,- նշեց Տ. Ճինպաշյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը, շահագրգռված լինելով սիրիահայ համայնքի խնդրով, պետք է զգույշ և վերապահումով մոտենա այն բոլոր տեղեկություններին, որոնք ստանում է աշխարհաքաղաքական բախումների կենտրոններից: Հակառակ դեպքում այդ տեղեկությունը տարածողները կարող են ստեղծել վերաբերմունք՝ իրենց շահերին համապատասխան:
Ի՞նչ տեղի կունենա հայ համայնքի հետ, եթե սիրիական վարչակարգի տապալում լինի: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան Տ. Ճինպաշյանը նշեց, որ
հայ համայնքը կտուժի այնպես, ինչպես կտուժեն Սիրիայի մյուս բոլոր համայնքները:
Մենք այդ երկրում պետք է մնանք և այնտեղ խաղաղություն վերահաստատելու համար իրադարձություններին մասնակից լինենք: Դա շատ ավելի ճիշտ և ուղիղ կեցվածք է, քան «գլուխս առնեմ-գնամ» կեցվածքը: Ի վերջո այդ երկիրը քեզ ընդունել է, թույլ է տվել այնտեղ ապրես ու քո մշակույթը պահպանես: Չես կարող զգացական մոտեցում չունենալ ու երկրի հարցերի լուծմանը չմասնակցել: Այս պարագայում սփյուռքահայի ավանդական կեցվածքը հետևյալն է՝ ներքին տարակարծությունների դեպքում երկու կողմերի միջև կամրջի դեր խաղալ: Սիրիայի բնակչությունն այնքան շատ է, հայերն էլ՝ այնքան քիչ, որ նման դեր խաղալու հնարավորություն չկա: Մենք պահպանում ենք չեզոքություն: Իսկ եթե մեզ վրա հարձակում գործեն, համայնքը պետք է ոտքի կանգնի ու ինքն իրեն պաշտպանի»:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն