Թուրքական իշխանություններ արդեն իսկ ավարտել են Սիրիայի տարածքում «Անվտանգության անկլավների» ստեղծմանն ուղղված գործողությունների պլանի մշակումը: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman պարբերականը` մանրամասնելով, որ այս թեման Անկարայի իշխանական կուլսիներում այսօր թերեւս ամենաշատ քննարկվող խնդիրն է:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, երկուշաբթի օրը վարչապետ Էրդողանը ընդլայնված մի խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ուժային կառույցների եւ հետախուզության ղեկավարները, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ Սիրիային սահմանակից բոլոր թուրքական շրջանների նահանգապետերը: Թուրքական իշխանություններն, ըստ պարբերականի, որոշել են, որ միայն սիրիացի փախստականների զանգվածային հոսքը դեպի Թուրքիա կդառնա այն նախապայմանը, որ կստիպի Անկարային միջամտել ներսիրիական հակամարտությանը` «անվտանգության գոտիներ» ստեղծելով:
«Թուրքիան նման բուֆերային գոտիների ստեղծման փորձ արդեն իսկ ունի: 20 տարի առաջ թուրքական բանակը նման գոտի ստեղծեց Իրաքի հետ սահմանին` քուրդ զինյալների մուտքը երկիր կանխելու համար», – հիշեցնում է Zaman-ը:
Թուրքական մամուլը մատնանշում է նաեւ այն հնարավոր շրջանները, որոնցում կարող են տեղակայվել թուրքական զորքերը: «Անվտանգության գոտիներ» կարող են ստեղծվել Հալեպից հյուսիս` Ազազի շրջանում եւ Բաշար Ասադի կողմնակիցների միջնաբերդ համարվող Լաթաքիայից ոչ հեռու` Իդլիբ գավառում: Մյուս կողմից, սակայն, ըստ թուրքական փորձագիտական շրջանակների, Թուրքիան կխուսափի զորամիավորումներ տեղակայել Սիրիայի քրդաբնակ շրջաններում` գերադասելով գործողությունները ծավալել այն գավառներում, որտեղ բնակչության մեծամասնությունն ապստամբներին է պաշտպանում եւ Թուրքիայի նկատմամբ բավական դրական է տրամադրված:
Կարդացեք նաև
«Ընդհանուր առմամբ թուրքական զորքերը միջամտության դեպքում Սիրայի տարածքում կխորանան 5-25 կիլոմետր», – նշել է Անկարայում գործող Մերձավորարեւելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օյթուն Օրհանը` հավելելով. – «Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ «անվտանգության գոտիների» ստեղծումը ի վերջո կարող է հանգեցնել պետությունների միջեւ բախման, չի բացառվում անգամ տարածաշրջանային պատերազմի»:
Վերլուծաբանի խոսքով` Թուրքիան նման քայլի դիմելուց առաջ պետք է մի շարք կարեւորագույն գործոններ ծանրութեթեւ անի եւ նոր միայն որոշում կայացնի:
«Պետք է հաշվի առնել այդ շրջանների բնակչության կրոնական ու ազգային պատկերը, բնակիչների ապստամբելու կարողությունն, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ», – նշել է Օրհանը:
Այս օրերին ակտիվորեն քննարկվող մյուս թեման Սիրիայի տարածքում թռիչքազերծ գոտիներ ստեղծելու անհրաժեշտությունն է, որը հնարավորություն կտա Սիրիական ազատ բանակին զերծ պահել կառավարական ուժերի օդային հարվածներից: Հիշեցնենք, երկուշաբթի օրը արեւմտյան պետություններին նման կոչով էր դիմել սիրիական ընդդիմությունը: Սակայն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Լեոն Փանեթան բացառել է այդ հեռանկարի իրագործումը տեսանելի ապագայում:
«Թռիչքազերծ գոտիների ստեղծումը մեր առաջնահերթությունների թվին չի դասվում», – ըստ Associated Press գործակալության` նշել է Փանեթան` ընդգծելով. – «Միացյալ Նահագներն ի վիճակի են հաջողությամբ թռիչքազերծ գոտի ստեղծել Սիրիայում: Սակայն դա լուրջ, շատ լուրջ քաղաքական որոշում է պահանջում, որը դեռ չի կայացվել»:
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան