Իրանի իշխանություններն այժմ պատրաստ են ընդունելու երկրում շաբաթ օրը տեղի ունեցած երկու երկրաշարժի զոհերի համար նախատեսված օգնությունը:
Այս մասին հայտնել է Իրանի պետական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով երկրի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի խոսքերը:
Իրանն ավելի վաղ մերժել էր Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից օգնություն տրամադրելու մասին առաջարկությունները: Երկրի Կարմիր մահակի կազմակերպությունը հայտնել էր, թե «Իրանը չունի օտարերկրյա օգնության կարիքը և կարող է ինքը հաղթահարել աղետի հետևանքները»:
Իրանի իշխանությունները երկուշաբթի օրն ավելացրել են շաբաթ օրը տեղի ունեցած երկու երկրաշարժի զոհերի թիվը:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Մարզիեհ Վահիդ Դասթջերդին հայտնել է երկրի խորհրդարանի նիստին, որ փրկարարական ծառայությունների կողմից իրականացված որոնողական աշխատանքներից հետո զոհվածների թիվը հասել է 306-ի, իսկ վնասվածքներ ստացածների թիվը կազմում է ավելի քան երեք հազար մարդ:
Իրանի կարմիր մահակի կազմակերպության տվյալների համաձայն, շաբաթ օրը տեղի ունեցած 6,4 և 6,3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժի հետևանքով վնաս է հասցվել Թավրիզ քաղաքի մոտակայքում գտնվող 180 գյուղ, իսկ մի քանի գյուղ ոչնչացվել է հիմնովին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի գրասենյակը ցավակցական ուղերձ է հղել, որտեղ նաև առաջարկել է Իրանին ցուցաբերել մարդասիրական օգնություն:
Տեղի ունեցածի կապակցությամբ Իրանին ցավակցություն է հայտնել և մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաջարկությամբ է կիրակի օրը հանդես եկել նաև Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրությունում նշվել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «այս դժվարին պահին օգնություն ցուցաբերել Իրանի ժողովրդին»: Հաղորդագրությունում սակայն Իրանի կառավարությունը հիշատակված չի եղել:
Հիշեցնենք, որ Իրանի Բամ քաղաքում 2003 թվականին տեղի էր ունեցել 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր 30 հազար մարդ։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան