Վաղը լրանում է անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 90-ամյակը: Նրա մահից 16 տարի անց վաղը բանաստեղծի ապրած տանը՝ Նաիրի Զարյան 80 հասցեում, հուշաքար կբացվի:
Aravot.am-ի հետ զրույցում բանաստեղծ, թարգմանիչ եւ հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանը Վահագն Դավթյանին բնորոշեց իբրեւ իր սերդի ամենաարտիստիկ բանաստեղծ, որը կատարելապես տիրապետում էր պոեզիայի տեխնիկային: «Նա հրաշալի բանաստեղծություններ թողեց ու թարգմանություններ՝ Բյորնս, Եսենին…. Ես շատ բան սովորել եմ Վահագն Դավթյանից՝ ինչպես կառուցել բանաստեղծությունը, ինչպես ավելորդ բառեր չօգտագործել, որովհետեւ ավելորդ բառը՝ ոնց որ մեղրի կարասն ընկած ճանճ լինի. փչացնում է ողջ տպավորությունը: Լինելով դասական պոեզիայի հետեւորդ, նա կարողանում էր մեղմ զսպաշապիկի մեջ անգամ գտնել ամենակարեւոր բառերը ու նրա մոտ ամեն ինչ տեղում էր: Վահագն Դավթյանը նաեւ կարգին մարդ էր, շատ երիտասարդների համար ճանապարհ է բացել գրականության մեջ, վերցնենք թեկուզ իմ օրինակը: Ես նրան շնորհակալ եմ, իմ մասին գրված լավագույն գրախոսականներից մեկը Վահագն Դավթյանինն է: Հիմա էլ հաճույքով կարդում եմ նրան»,-նշեց պարոն Գրիգորյանը:
Վահագն Դավթյանի ստեղծագործությունները լավագույնս մատուցվել են ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի միջոցով: Տիկին Յուզբաշյանը հրաշալի գիտի Վահագն Դավթյան մարդուն ու նրա սքանչելի պոեզիան. «Վահանգն Դավթյանը վերջին երակն էր, որ կտրվեց, նա Արեւմտյան Հայաստանում ծնված վերջին պոետն էր…. Ասում են, որ այդ՝ Ակնա երակից հիմա էլ բանաստեղծներ են ծնվում, երեւի թուրք բանաստեղծներ, բայց ով գիտի….Ակնա ակունքը նաեւ Վարուժան ու Մեծարենց է տվել: Դավթյանն ասում էր, որ ամբողջ կյանքում իր մեջ մխաց եղեռնի ժառանգական ցավը: Ինձ համար Դավթյանի «Ծննդավայր» շարքը շատ սիրելի է, ինչքան սիրելի է Վահան Տերյանի «Երկիր Նաիրին»: Ինչպես մյուս մեծերի պարագայում, այս բանաստղծի մահից հետո ծննդավայրը նույնացել է նրա անվան հետ: Վահանգն Դավթյանը հավերժացրել է Արաբկիրը: Ես բավականաչափ ծանոթ եմ իր ստեղծագործությանը. առաջին գրքից մինչեւ վերջին վեպ-վիպակ, կարծես շղթայական մի անցման օրենքով հոգու ճանապարհի պատմություն է: Պետք է հավատավոր լինես՝ սիրելու համար այդ պոեզիան, եւ ինչպես Համո Սահյանն ասում էր, այն արտաքուստ մեղմ է ծաղկած մարգագետնի նման, բայց փորձիր բարձրացնել ցանքսաշերտը, այնպիսի բազմագույն ենթաշերտեր կտեսնես, քար ծակող արմատներ…Պատահական չէ, որ Համո Սահյանն ասում էր՝ սիրում եմ իմ ժամանակակիցներից շատերին, բայց խանդում եմ Վահագն Դավթյանին, որը ասելիքից բացի ունի պատմելիք եւ կարգավորող խելք, որն ի վերջո կոչվում է մեծ տաղանդ»:
Վահանգն Դավթյանի մասին ինքնատիպ գնահատակն է տվել նաեւ Հրանտ Մաթեւոսյանը. «Եթե մենք առհասարակ կարողանում ենք իշխել մեր կրքերի, մոլությունների վրա, ապա Վահագն Դավթյանը մարդու, գործչի եւ պոետի իր կյանքը վարում էր ճարտարապետներին քաջածանոթ ոսկեհատման օրենքով։
Նրա մեջ ոսկեհատման օրենքից էին ելնում կամ օրենքին էին հանգում հարաբերությունները՝ մարդկանց ու երևույթների հետ։
Ոչ մի գիտակ ու գիտնական չի կարող վկայել գիտնականի նրա թուլությունը, ոչ մի բանաստեղծ չի կարող վկայել, թե նրա տարերքը պակաս կատաղի էր, ոչ մի խմբագիր չի կարող ասել, թե ինքը երբևէ ավելի համարձակ թերթ ու հանդես է հրապարակել, ոչ ոք չի կարող հպարտանալ, թե անձնական կամ ազգային ցավի առաջ ինքը ավելի զգայուն է եղել, եւ հակառակը՝ բոլորը-բոլորս միաբան ենք, որ մեր ամենագիտնականից գիտնական, ամենահամարձակից համարձակ, ամենահորդից հորդ՝ նա երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չավիրեց իր ոչ աջ, ոչ էլ ձախ ափը…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ