Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հուլիս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:
Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ավան, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։ Քաղաքապետն անթույլատրելի է համարել առկա թերացումները և հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում վերացնել դրանք։ Միաժամանակ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին և բնակիչներին օրինական դաշտ բերելու և այդ մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։
Կարևորելով մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման և կանչապատման աշխատանքները` քաղաքապետը, բավարար գնահատելով դրանք, ընդգծել է, որ աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն։ Այս ոլորտում ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Նուբարաշեն վարչական շրջանում:
Արաբկիր վարչական շրջանը, տարբեր ոլորտներում հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ, նախորդ ամսվա համեմատ, աղյուսակային ընդհանուր սանդղակում բարելավել է իր վարկանիշային տեղը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով, առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն