Կյանքը Արսեն Գրիգորյանի համար:
Այն իրական խաղ է, բեմ:
Ո՞րն է հաջողության բանաձևը:
Հաջողության բանաձևը տաղանդն ու խելքն է, առանց որի շատ հեռու հնարավոր չէ գնալ:
Հավատո՞ւմ եք հրաշքներին:
Ոչ:
Իսկ ճակատագրի՞ն:
Ճակատագիրը մեր ձեռքերում է:
Ինչպե՞ս եք հարթում արգելքներն ու դժվարությունները:
Աշխատանքի և նյարդերիս հաշվին: Վերջերս շատ հեշտ եմ հավասարակշռությունս կորցնում: Խնդիրը նրանում է, որ չեմ կարողանում և չեմ էլ ցանկանում կեղծավորություն անել: Այդ իսկ պատճառով շատ մարդիկ ինձ չեն սիրում:
Ի՞նչը կարող է Ձեզ վիրավորել:
Ինձ շատ հեշտ է վիրավորել և հունից հանել: Իսկ այն մարդիկ, ովքեր գիտակցաբար են դա անում` նրանց տանել չեմ կարողանում, եթե անգամ հարազատի մասին է խոսքը:
Ձեր երգերի հիմնական թեման սիրո՞ մասին է:
Իհարկե ոչ: Գրում եմ նաև այսօրվա կյանքի, առօրյայի և խնդիրների մասին: Օրինակ` «որքան փողոցում քայլող դատարկ դեմքեր, ոչինչ չասող հայացքներ կարող ես տեսնել: Այն սերը, որը կար ձեր մեջ, դա էլ է մարել: Ասել է, թե կփրկի սերը աշխարհը, բայց դա էլ չի օգնում…»: Իմ երգացանկում կան նաև նոր տարվան և այլ թեմաներին նվիրված շատ երգեր:
Ի՞նչ գույն կներկեք հայաստանյան շոուբիզնեսը:
Շագանակագույնի և կանաչի խառնուրդով:
Երևում է` բացասական եք տրամադրված:
Արդեն մի քանի տարի է, որ այդպես եմ տրամադրված: Թեպետ երգարվեստում ինձ համար եղել են լավ ժամանականեր, սակայն 5-6 տարում չհասկացա, թե ինչ կատարվեց մեր ժողովրդի և նրանց ճաշակի ու հետաքրքրությունների հետ: Զարմանում եմ, թե ինչպես են նրանք ոչինչ չասող և անբովանդակ երաժշտություն լսում: Իհարակե այսօր միայն որակի ետևից ընկնելով՝ չես կարող ապրել, և ուզես, թե չուզես, պետք է առևտրային` կոմերցիոն երաժշտություն ստեղծես, որպեսզի կարողանաս ընտանիք պահել: Փող է պետք աշխատել և այդ գումարը մեկ այլ երգի վրա ներդնել, որպեսզի չասեն` «ուր էի՞ր կորել, վաղուց չես երևում եթերում»: Հասարակությունը երգերի արժեքը միայն տեսահոլովակով է գնահատում, բայց երգարվեստը տեսահոլովակի մրցույթ չէ: Պատկերացրեք, տարեկան 20,000 ԱՄՆ դոլար պետք է ծախսես մեկ տեսահոլովակ նկարահանելու համար` արդյունքում գումար չվաստակելով: Արդեն գաղտնիք չէ, որ այսօր միայն հիմար երգերով կարելի է փող վաստակել, իսկ ես այդ քայլին չեմ կարող գնալ, քանի որ հոգևոր մարդ եմ և իմ կյանքը չեմ պատկերացնում առանց երաժշտության: Թեպետ ունեմ ինձ սիրող և հարգող լսարան, այնուամենայնիվ այն փող չունի, որպեսզի ինձ վճարի: Դրա համար էլ այսօրվա հայաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչները հարսանիքների և ռեստորանների հաշվին են փող աշխատում, քանի որ այլ տարբերակ չկա: Եթե կարողանայի այլ ճանապարհով գումար աշխատել, կթողնեի այդ ասպարեզը: Մյուս կողմից էլ, մեր երկրում աշխատանք չկա, որ կարողանաս քեզ ու ընտանիքիդ օգտակար լինել:
Ինչպե՞ս կարելի է տարբերել որակով երգը` անորակից:
Մարդու հոգևորն այնքան հարուստ պետք է լինի, որ կարողանա ենթագիտակցաբար հասկանալ` ո՞ր երաժշտությունն է որակյալ, և որը՛ ոչ: Որակով երաժշտությունը խորություն պետք է ունենա, սակայն այսօր եթերը լի է աղբով, քանի որ հենց այդ աղբն է լավ վաճառվում: Իսկ ըմբոստացող մասսան շատ թույլ է և քիչ, որպեսզի ընդդիմանա հասարակությունն ապականող այդ երևույթին: Օրինակ` ես իմ երեխային թույլ չեմ տալիս՝ անորակ երաժշտություն լսի կամ ֆիլմ դիտի, քանի որ երեխան արդեն իսկ դեգրադացվում է մայրիկի որովայնում` սերիալ դիտելիս, որն ապրում է Գոռի ու Էլենի կյանքով: Մի պարզ օրինակ բերեմ. Միհրան Ծառուկյանը լավ երգիչ է, սակայն մինչ Գոռի կերպարն ընդունելը նրան հաշվի չէին առնում: Ուղղակի մեր հայերը չեն հասկանում, որ Գոռն ընդամենը կերպար է և ոչ մի կապ չունի Մ. Ծառուկյանի անձի հետ: Կան նաև անհայտ, բայցև լավ հայ երգիչներ, որոնք, ցավոք, հայտնի պատճառներով չեն կարողանում եթեր դուրս գալ:
Ո՞րն է այդ ամենի ելքը:
Մինչև ազգի մտածելակերպն ու աշխարհայացքը չփոխվեն, հարցը չի լուծվի: Շատերը գնում են համերգների ոչ թե որակով երաժշտություն լսելու, այլ կատարողի վերնաշապիկից հոտ քաշելու:
Այժմ ի՞նչ երգերի վրա եք աշխատում:
Կնոջս հետ եմ երգում` երեխայիս մասին: Երգը կոչվում է «Իմ Ինես», որը ո´չ տեսահոլովակ է ունենալու, ո´չ էլ եթերով է հեռարձակվելու, քանի որ դա անում եմ միայն իմ հաճույքի համար: Պատրաստում եմ նաև Լիդուշիկի, «Շանթ» հեռուստատեսության «Աստղիկներ» նախագծի տաղանդավոր երեխաներից մեկի, ինչպես նաև հայրիկիս հետ մի շատ գեղեցիկ երգ, որը կոչվում է «Սերունդների խոսք»: Աշխատում եմ նաև Վարդուհի Վարդանյանի կիսատ թողած և «Ոնց ասեմ» Ավետ Բարսեղյանի գրած երգերի վրա: Մնում է միայն տեսահոլովակ նկարահանել, սակայն այն չեմ անելու, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված: Բացի այդ, ծախսելուց հետո, վստահ եմ, որ այն շարունակաբար չեն ցուցադրելու: Իսկ ես բոլորովին էլ կարիք չունեմ այդպիսի անհեթեթ քայլ անելու:
Ձեր վերջին ձայնասկավառակը:
«Երազում» կոչվող համերգիս DVD-ն է, որը և´ DVD է, և´ CD:
Արտասահմանյան երգիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգով (դուետ) հանդես գալ:
Սթինգի, Սթիվի Վուանդերի, Ալեխանդրո Սանսի, Կրիստինա Ագիլերայի, Ալեքսանդրա Բարքի և այլ տաղանդավոր դեմքերի հետ:
Իսկ ինչպե՞ս կարելի է իրականացնել այդ բաղձալի երազանքը:
Հնարավոր չէ այն իրականացնել, քանի որ եթե մենք երեք միլիոն բնակչությունից 10 տաղանդավոր մարդ ունենք, նրանք 60 միլիոն են և ունեն 600 տաղանդավոր մարդ: Նրանցից ո՞վ մեզ հաշվի կառնի:
Ո՞րն է Ձեր խորհուրդը երգել ցանկացողներին:
Այդ երիտասարդներին կխնդրեմ, որ եթե իրենց հոգու խորքում հասկանում են, որ երգել չգիտեն, ի սեր աստծու, թող զուր ժամանակ չկորցնեն, այլ իրենց կյանքը ճիշտ կառուցեն և ընտրեն իրենց առավել հարմար մասնագիտություն: Իսկ նրանք, որոնք արդեն սկսել են երգել և շնորհք կամ տաղանդ ունեն, թող քայլ առ քայլ գնան առաջ և անկեղծ լինեն իրենք իրենց հետ:
Ելենա Չոբանյան