Սիրիայի ազգային «Գյուլբենկյան» վարժարանի տնօրեն Մարալ Էլեջյանը մեկ ամիս է, ինչ Հայաստանում է: Չնայած դրան, նա կապվում է Սիրիայում բնակվող իր բարեկամների հետ եւ տեղեկանում իրավիճակի մասին: Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ նա ասաց. «Համայնքի վիճակը նորմալ է, սպասումներով լի ենք, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Միակ խնդիրը ապահովությունն է: Տնտեսությունը նույնպես տուժել է մարտերից: Այն խոսակցությունները, որ հայկական եկեղեցու կողքին պայթյուն է որոտացել՝ սուտ է, եղել է միայն զինամթերքի փոխանակում»:
Էլեջյանի խոսքով, Հալեպում ընթացող մարտերը չեն ազդել հայկական եկեղեցիների, դպրոցների գործունեության վրա, սակայն մտահոգ են, թե նոր ուսումնական տարին ինչպե՞ս պետք է սկսեն. «Եթե ճանապարհները անապահով լինեն, մենք չենք կարող հասնել դպրոց: Սիրայի 24 դպրոցներում ուսանում են շուրջ 4000 աշակերտ: Մեր վարժարանի 25 աշակերտին տրվել է արտոնագիր, որպեսզի նրանք սովորեն Սիրիայից դուրս»:
«Հայկ Ասլանյան» ճեմարանի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը համոզված է, որ մենք Սիրիայում ունենք ազգային մի-շարք հարստություններ, այդ թվում նաեւ ազգային դաստիարակությունը, որ պետք է պահվի:
«Ես ողջունում եմ կառավարության ծրագիրը, որ այստեղ են բացվելու դպրոցներ, սակայն ուսումնական ծրագիրը ուրիշ է, իսկ ուսուցիչներին այդ կարճ ժամանակում չեն կարող նախապատրաստել»,- փաստեց Ջրբաշյանը: Իր խոսքով, Սիրիրայից եկած հայերը, ովքեր նյութական միջոցներ ունեն ՝ կարող են հանգիստ ապրել: Սակայն նրանք, ովքեր միջոցներ չունեն, կանգնում են բնակության վայրի, աշխատանքի խնդրի առջեւ, իսկ Հայաստանն էլ աշխատավայրերի քանակով չի փայլում:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ