Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վաղվա ընկերական հանդիպումում մեր մրցակիցը` Բելառուսի ընտրանին, խաղաոճով ու մարտավարությամբ նման է Բուլղարիայի հավաքականին եւ այդ առումով հարմար մրցակից է: «Իսկ ինչ վերաբերում է ընտրական մրցաշարի` սեպտեմբերի 7-ին Մալթայի հետ կայանալիք մեկնարկային հանդիպմանը, Բելառուսի հետ խաղում աշխատելու ենք, որպեսզի վաղվա հանդիպումում հավաքականի կազմը հնարավորին չափ մոտ լինի Մալթայի հետ խաղի կազմին», – ասաց Վարդան Մինասյանը եւ նշեց, որ մեր հավաքականում որոշակի խնդիրներ կան` կապված վնասվածք ունեցող եւ վատ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների հետ: «Վնասվածք ունեն Գեւորգ Կասպարովն ու Էդգար Մանուչարյանը: Էդգարը նոր է սկսել մարզվել: Իսկ իմ կազմած թեկնածուների ցուցակից վատ մարզավիճակի պատճառով հավաքի չեն հրավիրվել կենտրոնական պաշտպաններ Արզումանյանն ու Ավոյանը: Մամեդովը, գիտեք, անձնագրի հետ կապված հարցեր ունի: Մեկ ֆուտբոլիստի` Հովհաննես Համբարձումյանին, որը վերջին հանդիպումներում լավ է խաղում, ցանկանում էի հրավիրել, սակայն նախընտրեցինք, որ այս անգամ նա մնա երիտասարդական հավաքականում», – նշեց գլխավոր մարզիչը:
Պատասխանելով երիտասարդական եւ ազգային հավաքականների լուծելիք խնդիրներին` Վարդան Մինասյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ առաջնայինն ազգային հավաքականն է եւ երիտասարդականի գլխավոր խնդիրը ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարելն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ